Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չպետք է քննարկվի՝ Պուտինին ձերբակալե՞նք, թե՝ ոչ. պետք է շեշտադրել, թե ինչու է ՀՀ-ն ուզում միանալ Միջազգային քրեական դատարանին». Գուրգեն Պետրոսյան

Մայիս 03,2023 13:05

«Եթե ՀՀ-ն վավերացնի Հռոմի ստատուտը, դա նշանակում է, որ ՀՀ-ն տեսականորեն կդառնա Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) լիիրավ անդամ»,-«Մարդու իրավունքներ եւ հաշվետվողականություն. ճանապարհ՝ Լեռնային Ղարաբաղին ընդառաջ» թեմայով ամենամյա երկրորդ միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը։

Համաժողովն անցկացվում է մայիսի 3-5-ը՝ Երեւանում։ Այն կազմակերպվում է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի կողմից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի, Հայաստանի ֆրանսիական համալսարանի, Արցախի պետական համալսարանի եւ ՀՀ Սահմանադրական դատարանի հետ համագործակցությամբ։

Համաժողովը համախմբել է աշխարհահռչակ իրավաբանների, ինչպես նաեւ միջազգային իրավունքի առաջատար փորձագետների ամբողջ աշխարհից՝ հասցեագրելու Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի զոհերի կողմից միջազգային արդարադատության մատչելիության հարցերը: Այս տարվա համաժողովը կենտրոնացած է միջազգային հաշվետվողականության մեխանիզմների, ինչպես նաեւ միջազգային եւ ազգային ատյաններում ռազմական հանցագործությունների զոհերի կրած վնասների վերականգնման վրա։

Գուրգեն Պետրոսյանը նկատեց՝ ՄՔԴ-ի վերաբերյալ բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, օրինակ, որ ՀՀ-ն դատարան է դիմելու Ադրբեջանի դեմ: Սա սխալ կարծիք է, քանի որ ՄՔԴ հնարավոր չէ դիմել ընդդեմ պետության, դա պետք է անել ընդդեմ անձի: Այս առիթով Գուրգեն Պետրոսյանը հավելեց.  «ՄՔԴ-ն հակամարտություն կարգավորող չէ, հակամարտություն լուծել չի կարող: Եթե ՀՀ-ն վավերացնի Հռոմի ստատուտը, միջազգային քրեական դատարանը կունենա իրավազորություն՝ վարելու այն հանցագործությունները, որոնք կատարվել են ՀՀ-ի տարածքում»։

Միջազգային իրավունքի մասնագետը նաև նշեց, որ ՄՔԴ-ն այն կառույցներից մեկն է, որը լուրջ հնարավորություն է տալիս միջազգային հանցագործությունների զոհերի համայնքի ձայնը լսելի դարձնել միջազգային համայնքի առաջ։ Օրինակ՝ կարող են արտաքսման զոհերը վկայություն տալ, իրենց իրավունքները պաշտպանել, և ՀԿ-ները, որոնք ներկայացնում են արտաքսման զոհերին, պետք է հասկանան, թե ինչպես է աշխատում ՄՔԴ և պատրաստ լինեն, որ այս դատարանին դիմելիս պետք է զինվել համբերությամբ, քանի որ վարույթները երկար են տևում։

Գուրգեն Պետրոսյանը բացասաբար է վերաբերվում այն քննարկումներին, որոնք կատարվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձի հետ կապված և զուգահեռվում ՀՀ-ի՝ ՄՔԴ-ին միանալու գործընթացին: Նա այս առիթով ասաց. «Այդ քննարկումը չպետք է տեղի ունենա՝ Պուտինին ձերբակալենք, թե՝ ոչ: Որոշ քաղաքական գործիչներ երբեմն հայտարարություններ են անում, որոնք վտանգավոր են հայկական շահերի համար: Քանի դեռ քննարկում ենք այս հարցը, էլ ավելի շատ մարտահրավերներ ենք առաջացնում: Բոլորը պատկերացնում էին, թե պարեկները ոնց էին վազելու, Պուտինի կորտեժը կանգնեցնելու, կրակելու անվադողերին, որ մեքենան կանգնի, ու Պուտինին ձերբակալեն: Այդպես չէ: Այս խոսակցությունների փոխարեն ավելի մեծ շեշտադրում պետք է անել, թե ինչու է ՀՀ-ն ցանկանում միանալ ՄՔԴ-ին»:

Իրավական և տեխնիկական աջակցության ինստիտուտի ծրագրի ղեկավար Յուզուկի Նագակոշին ներկայացրեց, թե ինչպես կարող է Հայաստանը միանալ ՄՔԴ-ին՝ չվնասելով խաղաղության գործընթացին և հայ-ռուսական հարաբերություններին։ Նա ասաց. «Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ՀՀ-ն ինչպես կարող է միանալ ՄՔԴ-ին՝ առանց կորցնելու ՌԴ աջակցությունը: Այդ հնարավորությունը նախատեսում է 98-րդ հոդվածը, որը հաճախ ԱՄՆ-ն է կիրառում: Սա հնարավորություն է տալիս պետություններին՝ չկիրառել սեփական քաղաքացիների արտահանձնում։ Այսինքն՝ եթե Պուտինը գա ՀՀ, Երևան, եթե կա համաձայնություն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, որտեղ նշվում է, որ որևէ մեկին չենք արտահանձնի ՄՔԴ-ին, դա ՀՀ-ին հնարավորություն է տալիս դուրս գալ այս փակուղուց, մի կողմից չարտահանձնել պարոն Պուտինին, մյուս կողմից միանալ ՄՔԴ-ին»։

Յուզուկի Նագակոշին նաև կարևորեց, որպեսզի մինչև ՄՔԴ-ին դիմելը ՀՀ-ում և Ադրբեջանում ներպետական միջոցներով քրեական հետապնդում իրականացվի պատերազմական հացագործությունների պատասխանատուների դեմ այն խախտումների գծով, որոնք իրականացվում են Հռոմի ստատուտի շրջանակում:

Ըստ նրա՝ օբյեկտիվ քննությունը կլինի երկարատև խաղաղության հաստատման երաշխիք: Նա նաև դատապարտեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և այս պահին ամենակարևոր խնդիրը համարեց ճանապարհի բացումը:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031