«Եթե դա ենթադրում է ռուսական վերահսկողությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ճանապարհ, ինչը որքան հասկանում եմ՝ հիմնական անհանգստությունն է, դա շատ վատ է, բայց դա ավելի վատ չէ, քան նույն ճանապարհը Թուրքիայի ու Ադրբեջանի վերահսկողությամբ։ Այսինքն, այդ դեպքում դա ճանապարհ չի լինի, այլ լրիվ ուրիշ բան կլինի»,- «Առավոտի» զրուցակիցն է Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
– Ադրբեջանը փակեց Հակարի գետի կամուրջը, որը Հայաստանն ու Արցախն այս պահին կապող միակ ճանապարհն է. հումանիտար բեռների մուտքն Արցախ սահմանափակվել է: Ավելին, այդ հատվածում ադրբեջանական անցակետ է տեղադրվել, իսկ հայկական կողմում լուռ ըմբռնում է այն ամենի, ինչ կատարվում է: Ձեր գնահատմամբ, ի՞նչ է հիմա տեղի ունենում եւ ո՞ւր է դա տանելու:
– Իմ կարծիքով՝ ամեն ինչ բավականին ակնհայտ է։ Ադրբեջանը հետեւողականորեն վարում է Արցախն անվերապահորեն ու ամողջությամբ Ադրբեջանին ենթարկելու քաղաքականություն։ Նրանք շատ լավ հասկանում են նաեւ, որ եթե նրանց հաջողվի դա անել, Արցախի հայության մեծ մասն այնտեղից պարզապես դուրս կգա։ Վերջապես, նրանք օգտվում են այն հանգամանքից, որ Հայաստանն ինքնուրույն, առանց դրսի աջակցության այդ պլանները չի կարող վիժեցնել, իսկ արտաքին աջակցությունն այս պահին սահմանափակ է։ Ռուսները զբաղված են Ուկրաինայում, հետեւաբար Կովկասում նոր ճգնաժամը նրանց համար անցանկալի է։ Բացի այդ, ես կարծում եմ, որ մեր իշխանությունների վարքագիծը որոշակիորեն նպաստում է ռուսների հարաբերականորեն իներտ պահվածքին, ինչից նույնպես օգտվում է Ադրբեջանը։ Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա այն Ադրբեջանի սանձերը լրջորեն քաշելու շահ չունի։ Ինչ-որ որոշումներ են ընդունում ինչ-որ միջազգային դատարաններում, երբեմն էլ, ինչպես հիմա սիրում են ասել` հասցեական հայտարարություններ են անում Ադրբեջանին քննադատող, բայց դրանք շատ մեծ արժեք չունեն. ոչ պատժամիջոցները կան, ոչ ռազմական սպառնալիքներ, ոչ Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու մտադրություններ։ Իսկ եթե այդ բաները չեն անում, մնացածը շատ մեծ նշանակություն չունի։ Դե Ադրբեջանն էլ օգտագործում է ստեղծված բարենպաստ իրադրությունն ու փորձում է ավարտին հասցնել այն, ինչ սկսել էր 2020 թ. սեպտեմբերի 27-ին։
– Իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ էր հայտարարել՝ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, ընդդիմադիրներին էլ առայժմ հաջողվում է ԱԺ ամբիոնը գրավելու անհաջող փորձեր անել միայն, նոր ուժեր, որոնք հանրային դժգոհություն կգեներացնեն եւ կկառավարեն այն, այս ընթացքում հայտ չներկայացրեցին. ստացվում է՝ պետք է համակերպվե՞նք այն իրողության հետ, որ այլք մեր պետության ու մեր ճակատագիրը պետք է իրենց քիմքին հարմար որոշեն:
Կարդացեք նաև
– Ես չեմ կարծում, որ պետք է համակերպվենք, բայց ես տեսնում եմ նաեւ այն դժվարությունները, որոնց որեւէ նոր ուժ բախվելու է։ Առաջին, քանի դեռ Հայաստանի քաղաքական կյանքից իսպառ ու անվերադարձ չեն հեռացել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որեւէ նոր ուժի համար շատ դժվար է լինելու Փաշինյանի դեմ դուրս գալը։ Ժողովրդի մի զգալի հատված դեռ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ սարսափում է ժամանակին այդ երկու գործիչների ստեղծած նեոֆեոդալական համակարգի ռեստավրացիայից եւ Նիկոլ Փաշինյանին համարում է այդ ռեստավրացիայի ամենավստահելի խոչընդոտը։ Նրա դեմ որեւէ ընդվզում կամ նույնիսկ նրա հասցեին արված որեւէ քննադատություն այդ ուրվականին վերակենդանացնում է։ Հետեւաբար, որեւէ նոր ուժ ստիպված պիտի լինի երկու ճակատով պայքարել՝ դուրս գալ ե՛ւ Փաշինյանի, ե՛ւ այսօրվա պառլամենտական ընդդիմության ու նրանց արբանյակների դեմ։ Իսկ դա հեշտ չի, որովհետեւ այդ ուժը ստիպված կլինի դա անել շատ անհավասար ռեսուրսների պայմաններում։ Երկրորդ, որեւէ նոր ուժ Հայաստանն այս անդունդից հանելու լուրջ ու արժանահավատ օրակարգ պետք է առաջարկի։ Պարզապես, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակը բավարար չի լինելու։ Այդ օրակարգն անխուսափելիորեն ենթադրելու է որոշ դառը իրողությունների ընդունում, որոշ պատրանքներից հրաժարում եւ Հայաստանի քաղաքական իղձերի բավականին արմատական խմբագրում։ Նման օրակարգն անխուսափելիորեն լուրջ դիմադրության է հանդիպելու, ոչ միայն որովհետեւ այդ պատրանքներով տարիներ շարունակ կերակրել ու թմրեցրել են մեր ժողովրդին, այլ նաեւ այն պատճառով, որ կերակրողները շարունակում են գերիշխող դիրքեր զբաղեցնել մեր քաղաքական, պետական, կրթական, տեղեկատվական ու մշակութային ինստիտուտներում։ Ըստ իս` սրանք են պատճառները, որ նոր ճակատ չի ձեւավորվում Հայաստանում` չնայած դրա օբյեկտիվ անհրաժեշտությանը։
– Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ միջազգային հանրությունը դեռ արցախյան առաջին պատերազմից հետո էր հայկական կողմին ասել, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, որ դրան այլընտրանք չկա, իսկ Մադրիդյան սկզբունքներով էլ ամրագրվեց այդ իրողությունը: Դուք Արցախի հարցի բանակցային գործընթացը մանրամասնորեն ուսումնասիրել եք, եթե այդպես էր՝ ինչի՞ շուրջ կամ ինչի՞ համար էին երկու տասնամյակից ավելի ձգվող բանակցությունները կամ հանուն ինչի՞ են Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները:
– Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած ուժն արդեն երկուսուկես տարի զբաղված են ոչ այլ բանով, քան արդարացնելով իրենց խայտառակ քաղաքականությունը, որը հանգեցրեց աղետալի պարտության։ Սա դրա հերթական օրինակն է ընդամենը։ Սրա մասին երկար խոսելու կարիք էլ չկա։ Եթե նույնիսկ ամեն ինչ ճիշտ է ասում Մադրիդյան սկզբունքների մասին մեծարգո վարչապետը, ավելի նախընտրելի չէ՞ր լինի այդ սկզբունքների հիման վրա խաղաղության գնալը։ Երկուսուկես տարի մարդկանց փորձում եմ բացատրել, որ անցյալում եղած լուծման տարբերակների որեւէ քննադատություն անիմաստ է, եթե դա համեմատվում է մեր պատկերացրած իդեալական լուծման եւ ոչ պատերազմի արդյունքի հետ։ Ընդ որում` արդյունքի հետ, որը միանգամայն կանխատեսելի էր։ Սա է միակ հարցը։ Այլապես էդ խոսակցությունը, որ Ադրբեջանից ինքնորոշվելու սկզբունքը միաժամանակ ճանաչում էր Ադրբեջանի սուվերենությունը Արցախի նկատմամբ, հետեւաբար այն, ինչ հիմա ինքն է անում կամ այն, ինչ անում էր պատերազմից առաջ, պարտադրված էր, պարզապես ծիծաղելի է։ Իսկ ինչի՞ց պիտի ինքնորոշվեր Արցախը։ Իսկ եթե այդ սկզբունքը չընդունեին, ի՞նչ էին անելու։ Ուլտիմատո՞ւմ էին դնելու աշխարհի առաջ, որ մինչեւ Արցախի անկախությունը չընդունվեր հայկական կողմից տարածքային զիջումների դիմաց, Հայաստանը չէր բանակցելու։ Բայց տեսանք, չէ՞, թե ինչ եղավ դրա հետեւանքը։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչ աստիճանի է անլրջացել մեր քաղաքական դիսկուրսը։ Եթե երկրի վարչապետն է նման բաներ ասում, ուրիշ բան այդ դիսկուրսից ակնկալել չի կարելի։
– Ստեղծված իրավիճակից ի՞նչ ելք է հնարավոր:
– Մի անգամ Ստալինի մոտ է գալիս Բերիան ու տեղեկացնում նրան, որ մարշալ Ռոկոսովսկին սիրային կապի մեջ է Վալենտինա Սերովայի հետ։ Ստալինը լուրն ընդունում է առանց որեւէ կերպ դրան արձագանքելու։ Լուռ քայլում է սենյակում ու ծխում իր սիրելի ծխամուրճը։ Բերիան բավական երկար ու արդեն անտանելի դարձող լռությունն ընդհատում է ու հարցնում`что будем делать, товарищ Сталин? Ստալինն անվրդով պատասխանում է`что будем делать, завидовать будем.
Իսկ եթե լուրջ, ապա ես կարծում եմ, որ պետք է դադարեցնել Արեւմուտքում հովանավորներ փնտրելու այս դատապարտված ու վտանգավոր քաղաքականությունը, ընդունել խաղաղության պայմանագրի ռուսական պլանը ու ձեռնամուխ լինել դրա իրականացմանը։ Եթե դա ենթադրում է ռուսական վերահսկողությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ճանապարհ, ինչը որքան հասկանում եմ՝ հիմնական անհանգստությունն է, դա շատ վատ է, բայց դա ավելի վատ չէ, քան նույն ճանապարհը Թուրքիայի ու Ադրբեջանի վերահսկողությամբ։ Այսինքն, այդ դեպքում դա ճանապարհ չի լինի, այլ լրիվ ուրիշ բան կլինի։ Մնացած խոսակցությունները, որ Արեւմուտքը պատրաստ է երաշխավորելու, որ այդ ճանապարհը մնա մեր անվերապահ ու ամբողջական վերահսկողության ներքո, որ մենք պարզապես առանց ռուսների կամքը հաշվի առնելու կարող ենք Արցախի նկատմամբ Ադրբեջանի անվերապահ սուվերենության ճանաչումը փոխանակել նոյեմբերի 10-ի փաստաթղթի 9-րդ կետից Ադրբեջանի հրաժարվելու հետ ու դա անել Արեւմուտքի քավորությամբ, ես համոզիչ չեմ համարում։ Ավելին, ես դա համարում եմ վտանգավոր։ Ես գիտեմ, որ հայհոյանքների ու մեղադրանքների հերթական տարափն եմ հրավիրում ինձ վրա սա ասելով, բայց վաղուց ժամանակն է, որ Հայաստանում դադարեն դրանից վախենալ։ Բանը բանից անցել է։
Ինչ վերաբերում է ներքին քաղաքական կյանքում անելիքներին, չնայած ես քիչ առաջ թվեցի նոր ուժ ձեւավորելուն խանգարող խոչընդոտները, այնուամենայնիվ, ես կուզենայի տեսնել կոնսուլտացիաներ ու քննարկումներ քաղաքական որոշ ուժերի եւ որոշ անհատների մասնակցությամբ, որոնք համաձայն են այդ ուժը ձեւավորելու նշածս պարամետրերի հետ։ Հռոմն էլ մի օրում չեն կառուցել։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
03.05.2023