2022 թվականին դատարաններ է ներկայացվել 91 հայց՝ 27 մլրդ 124 մլն դրամի բռնագանձման պահանջով։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ըստ նրա՝ դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ կամ վարույթ։
2022 թվականի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մի շարք դեպքերում արձանագրվել են պետական շահերի խախտումների հետեւանքով պետությանը եւ համայնքներին պատճառված առանձնապես խոշոր չափերի գույային վնասներ։
«Թվարկեմ դրանցից առավել հանրային հետաքրքրություն ներկայացնողները։ Մասնավորապես, Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի ծրագրերի իրականացման գոտում ներառված մի շարք հասցեներում գտնվող պատմամշակութային հուշարձանների վնասման, քանդման վերաբերյալ 14․07․2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար, եւ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասաց նա։ Երկրորդ հայցը, ըստ գլխավոր դատախազի, վերաբերում է տնտեսվարող սուբյեկտին, որը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դոլարով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր։ 2006 թվականին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 2014 թվականին, կառավարության որոշման հիման վրա, պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 մլրդ 45 մլն դրամ հարկային պարտավորությունների դիմաց հանձնել է պետությանը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնաս: 08.11.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, 11.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ:
«10.11.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, 17.11.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ: Երեւանի քաղաքապետի 26.04.2006 թվականի թիվ 622-Ա որոշմամբ եւ 08.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշմամբ՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոց եւ «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերություններին ուղղակի վաճառքի ձեւով օտարվել է համապատասխանաբար՝ 17077.6 եւ 10000 քմ մակերեսով հողամաս, այն դեպքում, երբ նշված հողամասերը որպես «Հաղթանակ զբոսայգու» մաս ընդգրկված էին ՀՀ հողային օրենսգրքով սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում, ուստի ենթակա չէին օտարման: ՀՀ գլխավոր դատախազության կողմից 25.04.2022 թվականին 2 հայց է հարուցվել դատարան։ Դատարանը բավարարել է հայցերը, եւ «Գոլդեն Փելիս»-ին ապօրինի օտարված հողամասը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կվերադարձվի պետությանը»,- ասաց դատախազը։
Կարդացեք նաև
«Մեկ այլ քրեական գործի նյութերով ձեռք բերված ապացույցների հիման վրա հարուցվել է 2 հայց՝ ոչ օրինաչափ վարքագծի հետեւանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով, որից Սամվել Մայրապետյանից(լուսանկարում) պահանջվել է բռնագանձել 17 մլրդ 375 մլն 758 հազար 242 դրամ, իսկ Սամվել Մայրապետյանից եւ Գագիկ Հակոբջանյանից` համապարտության կարգով՝ 5 մլրդ 678 մլն 764 հազար 260 դրամ»,- ասաց Աննա Վարդապետյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ