Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 76,3 տոկոսով․ գլխավոր դատախազ

Մայիս 03,2023 11:20

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը Հայաստանում աճել է 743-ով կամ 76,3 տոկոսով՝ կազմելով 1717 դեպք։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 502-ով կամ 94,9 տոկոսով՝ կազմելով 1031՝ 2021 թվականի 529-ի դիմաց։ Թեեւ բարձր լատենտայնությամբ օժտված այս հանցագործությունների արձանագրված դեպքերի աճը բացահայտման տեսակետից դրական ցուցանիշ է, սակայն այն վկայում է թմրամիջոցների, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի եւ ածանցյալների աճող տարածվածության մասին եւ արտացոլում է հասարակական կյանքում առկա խիստ բացասական իրողություններ»,- ասաց դատախազը։

Աննա Վարդապետյանի խոսքով՝ նշված ցուցանիշները կարող են մասամբ պատճառաբանվել քրեադատավարական օրենսդրության փոփոխությամբ կամ իրավակիրառ պրակտիկայում նույնիսկ բուսական ծագման մանր չափի թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքում քրեական վարույթներ նախաձեռնելու մոտեցմամբ։ «Սակայն վիճակագրական տվյալներն առավելապես վկայում են թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարածվածության, նշված հակասոցիալական եւ հակաիրավական երեւույթներում մեծ թվով անձանց ներգրավվածության մասին»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031