Լաչինի միջանցքում՝ արդեն առանց կեղծ էկոակտիվիստների ադրբեջանական անցագրային կետեր տեղադրելու միջոցով Արցախի շրջափակումը խստացնելու ֆոնին Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարության նախաձեռնությամբ անցկացվում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններ: Արցախը Հայաստանին կապող «կյանքի ուղու» փակումն առաջին հերթին Արցախը հայաթափելու էթնիկ զտման նպատակ է հետապնդում, սակայն այն նաեւ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունավետության առաջին նախադրյալի՝ կառուցողականության ցուցիչին է վերաբերում:
Գերագույն ցանկության դեպքում էլ դժվար է պատկերացնել, որ բանակցություններում փոխընդունելի լուծումներ կնախանշվեն, երբ կողմերից մեկը, տվյալ դեպքում՝ պաշտոնական Բաքուն, կոպտորեն ոտնահարում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ անտեսում միջանցքը բացելու բազմաթիվ հորդորներ: Վաշինգտոնյան հանդիպումից առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ալիեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր խոր մտահոգությունն էր հայտնել միջանցքի փակման եւ անցակետի տեղադրման առիթով:
Միջանցքի փակումը դրականորեն չէր ընդունել նաեւ ՌԴ ԱԳՆ-ն: Դատելով բանակցությունների վերաբերյալ տարածվող պաշտոնական հաղորդագրություններից՝ դրանց ժամանակ նույնպես քննարկվող առանցքային հարցերից մեկը Լաչինի միջանցքի փակ լինելու հանգամանքն է: Այն այս դեպքում առաջնային կարեւորություն է ստանում երկու առումով: Առաջին՝ ցույց է տալու, թե ադրբեջանական կողմը որքանով հետեւողական կլինի ձեռք բերվող պայմանավորվածությունների կատարման հարցում: Երկրորդ՝ թե պաշտոնական Բաքուն որքանով է պատրաստ հարգելու Արցախի ժողովրդի իրավունքները եւ չսպառնալու նրա անվտանգությանը: Վերջին կետն առանձնապես առանցքային է, քանի որ կարգավորվող հակամարտության պատճառն է, եւ եթե այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը շարունակելու է նախորդ դարի 90-ականներից սկսած իր քաղաքականությունը, որը հակամարտության պատճառ դարձավ, ապա անհույս է խոսելը բանակցությունների արդյունավետ արդյունքների մասին:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում