Ազգային ժողովը քննարկում է Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց նախորդ տարի հանրապետությունում արձանագրված հանցավորության վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ 2022 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 37 612 դեպք, որից 21 604-ը՝ Երեւանում։ 2021 թվականի համեմատ հանցագործության դեպքերն աճել են 7367-ով կամ 24,4 տոկոսով։ 2021 թվականի համեմատ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2831-ով կամ 19,3 տոկոսով։ Միջին ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 29,8 տոկոսով, ծանր հանցագործությունների դեպքերի աճը կազմել է 14,2 տոկոս, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճը՝ 151,4 տոկոս։
«Առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի կապակցությամբ հարկ է ընդգծել, որ 530-ով կամ 151,4 տոկոսով ավելացած դեպքերից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում։ Հետեւաբար՝ 2022 թվականին, առանց հանկարծամահությունների դեպքերի հաշվառման, կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 13 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,- մանրամասնեց Վարդապետյանը։ Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների տեսակարար կշռում կազմում են 2,3 տոկոս, իսկ ծանր հանցագործությունները՝ 13,5 տոկոս։
2022 թվականին աճել են մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։ Նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Սպանությունների դեպքերի թիվը, առանց հանկարածամահության դեպքերի թվի, կազմել է 58՝ 2021-ի 60-ի դիմաց։ Այսինքն՝ 2-ով կամ 3,4 տոկոսով պակաս։ Ըստ դատախազի՝ սպանության դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց զգալի մասը կատարվել են կենցաղային կամ միջանձնային հարաբերությունների հողի վրա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ