Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերջակետն ամեն դեպքում կա․ այն կամ թշնամին է դնելու, կամ՝ մենք․ «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 03,2023 10:45

Տարբեր տվյալներով՝ Երեւանի մակերերսը 223-230 քառակուսի կմ է (Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում՝ 227 քառ. կմ, Երեւանի քաղաքապետարանի կայքում՝ 223 քառ. կմ, Հայկական հանրագիտարանում՝ 2009 թ. տվյալով՝ Երեւանի տարածքը 162 քառ կմ է, արվարձաններով՝ ավելի քան 230 քառ. կմ)։ Իբրեւ իրականությանը մոտ հաշվարկ ընդունելով Երեւանի քաղաքապետարանի կայքի թիվը (տրամաբանությունից ելնելով՝ ամենաճիշտ հաշվարկը պետք է որ այստեղ լինի)՝ կարող ենք ասել, որ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացրել են Երեւանի գերակշիռ մասի չափ տարածք։ Վերադառնանք կարեւոր մի հարցի. այդ 150 քառ կմ-ն մեզ համար զուտ թիվ չէ։ Առանց այն էլ փոքրատարածք մեր երկրի համար ամեն՝ ո՛չ թե կիլոմետրը, մետրը կամ սանտիմետրը, այլ՝ ամեն միլիմե՛տրն է թանկ։

Չհասկացողը կարող է ծիծաղել, բայց դա կլինի նրա անգիտության կամ հայրենադավության հետեւանքը։ Մեծատարածք Չինաստանն ու մեծատարածք Հնդկաստանը պայքարում են Տիբեթից մի փոքր լեռնատարածքի համար։ Մեծատարածք Հնդկաստանն ու մեծատարածք Պակիստանը պայքարում են Քաշմիրի համար (Հնդկաստանը իրականում «Մեծ Հնդկաստանի» գաղափարը չի մոռանում)։ Ճապոնիան ու մեծատարածք Ռուսաստանը պայքար ունեն Կուրիլյան մի քանի կղզիների մասով։ Թվում է՝ մեծատարածք Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Ռուսաստանը պետք է որ խնդիր չունենային, բայց թվում է միայն, որովհետեւ մեծատարածք երկրներն անգամ հասկանում են ամեն թիզ հողի արժեքը եւ գիտեն, որ մեկ թիզ հողի զիջումը բերելու է հաջորդ թիզերի կործանման։ Իսկ ի՞նչ արեց հայկական կողմը։ Տարիներ շարունակ պետական քարոզչության հզոր ուժն օգտագործելու փոխարեն այդ քարոզչության ամենահզոր հատվածի միջոցով՝ հեռուստատեսությամբ, ծաղրեց «հայի գենը», «ոչ մի թիզականությունը», ազգայնականներին անվանեց տգետներ, իսկ բնական ու բանական շեղում ունեցողներին՝ առաջադեմներ։

Հետեւանքը մեր իրականությունն է. թշնամին օկուպացնում է մեր երկրի տարածքը, իսկ մեզ համար 1 քառ. կմ-ն (139 քառ. կմ եւ 140 քառ. կմ) թե 10 քառ. կմ-ն (140 քառ. կմ եւ 150 քառ. կմ) այս ու այն կողմ «շպրտելով» տարբերություն չենք տալիս։ Մեկ այլ կարեւոր դիտարկում, թշնամին օկուպացրել է մեր երկրում տարածքներ, եւ այդ մասին խոսելը բացառապես մակերեսից ելնելով՝ կոպիտ սխալ է։ Որովհետեւ այդ քառակուսի կիլոմետրերում ճանապարհներ են, որոնք օկուպացնելով՝ թշնամին վերահսկում է մեր երկրի այլ ճանապարհներ։ Այդ քառակուսի կիլոմետրերում բարձունքներ են, որոնք մեր երկրի համար կարեւոր ու կենսական նշանակություն ունեն։ Այդ քառակուսի կիլոմետրերում ջրային պաշարներն են, որոնք կյանք են գյուղերի, համայնքների համար։ Այդ քառակուսի կիլոմետրերում արոտավայրեր, վարելահողեր ու անտառային հողեր են, որոնք ապրելու միջոց են սահմանամերձ տարածքների համար։

Չի լինի ապրելու միջոցը, չի լինի տարածքը։ Այս ամենից զատ եւ ամենագլխավորը. եթե նույնիսկ թշնամու կողմից օկուպացված տարածքներում չլինեին բարձունքներ, ճանապարհներ, ջրային, հողային, անտառային պաշարներ, այլ՝ զուտ ցամաք տարածք, դարձյա՛լ պիտի պայքարենք։ Դա՛ է ենթադրում հայրենիքն ու հայրենազգացողությունը, դա՛ է հուշում պետությունն ու պետականամետությունը, դա՛ է հուշում ազգի ու պետության արժանապատվությունը։ Բայց թշնամին շարունակում է օկուպացնել մեր երկրի տարածքները, շարունակում է սպառնալ Արցախի եւ Հայաստանի վերջնական կործանմամբ։ Սրա դեմն առնելու մի ձեւ կա։ Եվ այդ ձեւը հաստատ այս կարգի թշնամու հետ խաղաղությունը չէ։ Այդ, իբր, խաղաղությունը նոր ծուղակ է մեզ համար եւ նպաստելու է հայրենազրկմանը ավելի արագ տեմպերով։ Սակայն, այո՛, կարող ենք թույլ չտալ, եւ այդ թույլ չտալու ձեւը նույնպես մեկն է՝ 90-ականների կրկնումը՝ բայց վերջակետը դնելով։ Վերջակետն ամեն դեպքում կա։ Այն կամ թշնամին է դնելու, կամ՝ մենք։ Ընտրությունը մերն է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031