Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում «ժողովրդագրական ձմեռ» է․ պատերազմի պատճառով առնվազն 10 հազար երեխա քիչ կծնվի

Մայիս 03,2023 10:22

Էթնոաշխարհագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Բոյաջյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ժողովրդագրական կայուն զարգացման պայմաններում Հայաստանի բնակչությունը պիտի հասներ 5,5-6 միլիոնի։

– 90-ական թվականների սկզբներին, արցախյան պատերազմով պայմանավորված, Ադրբեջանի մոտ 400 հազար հայություն մեծամասամբ տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ Այն ժամանակվա վիճակագրական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության բնակչությունը 3 միլիոն 700 հազար էր։ Ժողովրդագրական կայուն զարգացման պայմաններում, եթե արտագաղթի գործոնը չլիներ, կայուն զարգանար հանրապետությունն, այսօր Հայաստանն ունենալու էր 5,5-ից մինչև 6 միլիոն բնակչություն։

Բայց փաստացի մարդահամարի ու ընթացիկ հաշվառման տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը 2 միլիոն 900 հազար է։

Եթե մինչև 2018 թիվը` ծնվածները գերազանցում էին մահացածների թվին, 2018 թվին Լոռիում գրանցվեց առաջին ցուցանիշը, երբ մահացածների թիվը սկսեց գերազանցել ծնվածների թվին։ 2020 թվին էլ՝ Շիրակի մարզում և այլ մարզերում, բացառությամբ Գեղարքունիքի մարզի և Երևանի, որտեղ ծնվածները դեռ գերազանցում են մահացածների թվին։

Հաշվի առնենք, որ ներգաղթը միշտ զիջել է արտագաղթին, այսինքն՝ միգրացիայի մնացորդը բացասական է եղել, ճիշտ է՝ վերջին 2-3 տարում միգրացիայի մնացորդի ծավալը նվազել է բացասական հաշվեկշռի, նույնիսկ աճի միտումներ կան, բայց աճը պայմանավորված չէ ազգությամբ հայերի ներգաղթով, այլ երկրներից եկածներով է պայմանավորված միգրացիայի աճի ցուցանիշը։

Սա  հարցի դեռ մի կողմն է, բայց եթե որակական կողմն ենք նայում, ժողովրդագրական առումով, այսօր արդեն 65 և բարձր տարիքի բնակչությունը կազմում է ամբողջ հանրապետության բնակչության թվի 14,5 տոկոսը։

Այսինքն՝ մենք ծերացող հասարակություն ենք, կան քաղաքային ու գյուղական բնակավայրեր, որ 20-22 տոկոս է կազմում, այսինքն՝ դրանք արդեն մահացող բնակավայրեր են։

Բացի դրանից մինչաշխատունակ տարիքի բնակչության, մինչև, ասենք, 15 տարեկանների թիվը կազմում է ամբողջ հանրապետության բնակչության թվի շուրջ 20-21 տոկոսը։ Այդ թիվն արդեն նվազման միտում ունի, գալիս է մի պահ, երբ կենսաթոշակառուների և մինչաշխատունակ տարիքի բնակչության թիվն իրար հավասարվում է։ Բուրգի հիմքը և գագաթը հավասարվում են իրար։ Գնում է նեղացված վերարտադրության։ Մեզ մոտ դա ընդունված է անվանել «ժողովրդագրական ձմեռ»։

Տեսեք Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում այդ ցուցանիշը կա, բայց Ռուսաստանի բնակչության թիվը 150 միլիոն է, իրենց մոտ այդ ցուցանիշն այնքան կատաստրոֆիկ չէ, մեզ համար կատաստրոֆիկ թիվ է։

Արտաշես Բոյաջյանը նաև նշում է, որ նվազում է ամուսնական տարիքի բնակչության թիվը։

– Դիրքերում մեր 5 հազար երիտասարդները, որ մահացան, նրանք այն սերունդն էին, որ ապագայում պիտի ապահովեին վերարտադրությունը։ Վերարտադրությունը սերնդափոխությունն է, պիտի երեխա ունենան։ Հիմա եթե մեր զոհերի թիվը 5 հազար է, ընդունենք, որ ամեն մեկը պիտի երկու երեխա ունենար, 10 հազար երեխա քիչ կծնվի։ Եվ դա իր հետևանքները կունենա, ժողովրդագրական փոս է առաջացնում, իսկ մարդկային ռեսուրսների սակավությունը ջլատում է պետության ներուժը։

Առանց մարդկային ռեսուրսների չես կարող հզորանալ, էլ չհաշվենք աշխատանքային ռեսուրսների որակական կողմը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ shrjapat.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031