Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ռուսաստանը պայքարում թուրանական միջանցքի համար

Մայիս 03,2023 09:00

Հոդվածաշարի առաջին մասը, երկրորդ մասը

Արցախի շրջափակումից եւ «ինտեգրացիոն» քաղաքականություն սկսելուց հետո բնական հարց է առաջանում․ հաջորդը ո՞ր քայլն է լինելու, ինչ նոր փորձանքներ են պատրաստում Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի գլխին, ինչին, բնականաբար «չեն կարողանալու» դիմագրավել ռուսական խաղաղապահները։

Այս առումով հաճախ է քննարկվում անկլավների հարցը, որոնք, իհարկե, նախատեսվում են, որ կլինեն ռուսական խաղաղապահների երաշխավորությամբ։ Առաջին հայացքից սա գայթակղիչ հեռանկար է թվում Մոսկվայի համար, քանի որ լրացուցիչ հնարավորություններ է բացում իր զորքերը տեղադրելու համար։ Մինչդեռ, հաշվի առնելով այս նախագծի մասշտաբայնությունը եւ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ տվյալ պահին ռուսական զինական ռեսուրսների խիստ սակավությունը, ներկայումս այն քիչ հավանական է թվում։ Թեեւ պետք չէ բացառել, որ չդիմանալով թուրքական ճնշմանը, ու նաեւ գայթակղվելով Հայաստանի ներքին հաղորդակցությունների վրա վերահսկողություն սահմանելու հեռանկարով, ռուսներն ինչ-որ պահի կվերաբացեն անկլավների թեման։

Ներկայումս ավելի հավանական է թվում, որ ռուս-թուրքական տանդեմն առավել ինտենսիվ կաշխատի այսպես կոչված «Սյունիքի միջանցքի» բացման ուղղությամբ, որը ամրագրվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ (Հիշեցնում ենք այդ հայտարարության 9-րդ կետը, որում բացակայում է «Սյունիքի միջանցք» ձեւակերպումը․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»․ խմբ․):

Այն մասին, որ չնայած ռուս-թուրքական ռազմավարական թշնամության առավելություններին՝ ներկայումս գործում է ռուս-թուրքական օպերատիվ եղբայրությունը, մանրամասն քննարկել ենք սույն հոդվածաշարի առաջին հրապարակման մեջ (Մոսկվան ինչքա՞ն կսիրի Թուրքիային)։ Համագործակցությունը «Սյունիքի միջանցքի» բացման խնդրում պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Ի դեպ, ուշադիր հետեւելու դեպքում պետք է նկատել, որ միջանցքի բացման հարցում՝ առնվազն դիվանագիտական հայտարարությունների մակարդակում, Ռուսաստանի հետաքրքրությունը ժամանակ առ ժամանակ անհետանում է, ինչը պետք է բացատրել Մոսկվայի կողմից Թուրքիայի վրա ճնշումների եւ նոր զիջումներ կորզելու տրամաբանության մեջ։

Սակայն բացի ընդհանուր քաղաքական դիսկուրսից, «Սյունիքի միջանցքի» հարցում Ռուսաստանն ունի լրացուցիչ մոտիվացիա։ Այս միջանցքը, որը պետք է միացնի Արեւելյան եւ Արեւմտյան Թուրանները, հանդիսանում է թուրքական աշխարհի դարավոր երազանքը, ըստ նախագծի, այժմ հայտնվելու է ռուսական դրոշի եւ ռուսական ուժերի վերահսկողության տակ, ու բնական է, որ Մոսկվան հույս ունի շատ ու շատ առավելություններ քաղել թուրքական աշխարհի նկատմամբ իր այդ վերահսկողության լծակից։ Ընդ որում, ի տարբերություն մեր տարածաշրջանում Մոսկվայի մյուս նախագծերից, այն պահանջելու է խիստ սահմանափակ ռուսական ռեսուրսներ․ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այնտեղ վերահսկողությունն իրականացնելու են զուտ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները։ Հետագայում միջանցքի նկատմամբ ռազմական վտանգը կարելի է բացառել ինչպես Երեւանի կողմից՝ ոչ միայն քաղաքական կամքի, այլեւ հայկական բանակի բացակայության պատճառով, այնպես էլ Անկարա-Բաքվի կողմից, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումը այնքան հեշտ չի մարսվի, ինչպես վիճելի տարածք Արցախի նկատմամբ, եւ թուրքական կողմը կխուսափի ոտնձգությունից, որպեսզի վտանգի տակ չդնի բուն միջանցքի գոյությունը։ Այնպես, որ այստեղ մեծ քանակությամբ ռուսական զորք չի պահանջվի, ինչն արդարացված է կետային զգայուն ճնշումների կարթագենա-բրիտանական մեթոդաբանության տեսանկյունից։

«Սյունյաց միջանցքն» այժմ թվում է այն վերջին զիջումը, որը պետք է պահանջվի Նիկոլից։ Այս հարցը, թերեւս առանձին քննարկման կարիք ունի, սակայն եթե ներկայիս պաշտոնական ընդդիմության համար հիմնական խնդիրը ոչ թե Հայաստանի անվտանգության հեռանկարների ստեղծումն է, այլ պարզապես Նիկոլից ազատվելը, ապա ակնհայտ է, որ թուրանական միջանցքի կառուցման խնդրում Ռուսաստանը Հայաստանում բնական դաշնակից է ունենում ի դեմս ընդդիմության։ Համենայն դեպս, մինչ այժմ նոմենկլատուրային ընդդիմությունը ոչ խոսքով, ոչ գործով «Սյունյաց միջանցքին» դեմ չի արտահայտվել։

Միաժամանակ, կա լուրջ վտանգ, որ կայսրությանը սպառնացող ճգնաժամերի ժամանակ Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, ինչպես արդեն եղել է Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետ, կամ Սառը Պատերազմից հետո՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ։ Արդեն գործող թուրանական միջանցքի դեպքում մեր տարածաշրջանն ամբողջապես հայտնվելու է Թուրքիայի ազդեցության տակ եւ Հարավային Կովկաս Ռուսաստանի ետ վերադառնալու հնարավորությունն այդ դեպքում խիստ պրոբլեմատիկ է թվում, եթե չասենք՝ անհնար։ Սակայն Ռուսաստանի ներկա իշխանությունները այլեւս աշխարհաքաղաքական պահեստային տարբերակներ չեն քննարկում, նրանք ռազմավարական Русская рулетка (Ռուսական պտուտախաղ) մոլախաղն են խաղում՝ ընդ որում ատրճանակի յոթփամփուշտանի թմբուկն այս անգամ լիցքավորված է վեց փամփուշտով, եւ փրկվելու հավանականությունը շատ փոքր է։ Սակայն Մոսկվան ընդհանրապես չի քննարկում աշխարհաքաղաքական թուլացման դեպքում հնարավոր զարգացումները։ Բավական է վերհիշել Վլադիմիր Պուտինի «А зачем нам такой мир, если там не будет России?» (Իսկ մեր ինչին է պետք այնպիսի աշխարհը, եթե այնտեղ Ռուսաստան չի լինի) հայտնի ասույթը։

Մեր հերթին, մենք էլ պետք է ինքներս մեզ հարց տանք․ մեզ պե՞տք է այնպիսի աշխարհը, որտեղ Ռուսաստանը չի լինի, թե՞ մենք էլ պետք է պատրաստվենք ինքնասպանության։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031