Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ժխտման նոր մարտավարությունը. պաշտոնազրկել Բայդենին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար․․․

Մայիս 02,2023 23:55

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

 

Ավելի քան մեկ դար շարունակ իրար հաջորդող թուրքական կառավարությունները տարբեր հնարքներ են փորձել Հայոց ցեղասպանության հավաստիությունը ժխտելու համար: Նրանց բոլոր փորձերը ողորմելիորեն ձախողվել են։ Թուրքիան դիվանագիտական ճնշում գործադրեց ամբողջ աշխարհում և տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսեց՝ վարձելով չափազանց թանկ լոբբիստական ընկերություններ՝ անհերքելին հերքելու համար: Ի տարբերություն հետպատերազմյան Գերմանիայի, որն ընդունեց իր մեղքը Հոլոքոստի համար և փոխհատուցեց, թուրքական կառավարությունը, շարունակելով իր ժխտումները, ամբողջ աշխարհում պիտակավորվում է որպես չզղջացող ոճրագործ վարչակարգ: Թուրքիայի համար ավելի լավ կլիներ մաքրվել՝ ճանաչելով և փոխհատուցելով 1915 թվականի զանգվածային հանցագործությունների համար, քան հավերժացնել իր բարբարոսական անցյալի խայտառակ ժառանգությունը:

Թուրքական ժխտողականության վերջին ծիծաղելի մարտավարությունն է՝ հայտարարել, որ նախագահ Ջո Բայդենը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, «խախտել է ԱՄՆ Սահմանադրության չորս հոդվածները»։ Եթե ցեղասպանությունը սարսափելի թեմա չլիներ, նման մեղադրանքը զվարճալի կլիներ: Սակայն կատակերգությունն այսքանով չի ավարտվում։ Թուրք լրագրող Ուղուր Դունդարին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մի շարք թուրքական լրատվամիջոցներում, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Շուքրու Էլեքդաղն առաջարկել է թուրքական խմբերին փորձել պաշտոնազրկել Բայդենին Սպիտակ տնից հեռանալուց հետո, թեև նախագահին չի կարելի պաշտոնազրկել, երբ նա այլևս նախագահ չէ։

Դեսպան Էլեքդաղը սահմանադրական իրավունքի մասնագետ չէ։ Նա քոլեջում սովորել է տնտեսագիտություն, իսկ հետո դարձել դիվանագետ։ Նա ոչինչ չգիտի ԱՄՆ Սահմանադրության մասին:

Երբ թուրք լրագրողը Էլեքդաղին հարցրել է, թե ինչպես կարող են թուրքերը դատի տալ Բայդենին, քանի որ նա Օսմանյան կայսրությունն է անվանել որպես Ցեղասպանության հեղինակ, այլ ոչ թե Թուրքիայի Հանրապետությունը, դեսպանը ապուշաբար նշել է, որ «գոյություն չունի Օսմանյան կոչվող ազգություն: Օսմանյանը կայսրության անունն է։ Նրանք, ովքեր հիմնել են Օսմանյան պետությունը, թուրքեր են և նրանք մեր նախահայրերն են, իսկ մենք՝ նրանց ժառանգները»: Այսպիսով, Էլեքդաղն առաջարկում է թուրքերին դատի տալ Բայդենին՝ Օսմանյան կայսրությանը ցեղասպանության մեջ մեղադրելու համար: Սակայն, քանի որ Էլեքդաղը Թուրքիայի Հանրապետությունը կապում է Օսմանյան կայսրության հետ, ապա Թուրքիան բնականաբար պատասխանատու է օսմանյան հանցագործությունների համար։

Էլեքդաղը կեղծորեն պնդում է, որ նախագահ Բայդենը խախտել է ԱՄՆ Սահմանադրության 6-րդ հոդվածը, հինգերորդ բարեփոխումը, 1-ին հոդվածը (9-րդ բաժինը) և 14-րդ  բարեփոխումը:

Էլեքդաղն առաջարկել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարի ամբողջ աշխարհին՝ «Նախագահ Բայդենը հանցագործություն է կատարել՝ խախտելով ԱՄՆ Սահմանադրությունը ապրիլքսանչորսյան իր հայտարարություններով»։ Սա ամբողջ հարցազրույցի ամենազավեշտալի հատվածն է։ Էրդողանը, որը զանգվածային հանցագործություններ է կատարել Թուրքիայի հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, երկրագնդի վրա վերջին մարդն է, որ կարող է որևէ մեկին մեղադրել հանցագործություն կատարելու մեջ։

Իր հարցազրույցի վերջում Էլեքդաղը հայտարարել է, որ ինքը կապ է հաստատել Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեայի (ATAA) ղեկավարների հետ, որոնք նրան ասել են, թե իրենք կքննարկեն նախագահ Բայդենին ուղղված իր մեղադրանքները

Էլեքդաղն առաջարկել է ակադեմիական հետազոտություն անցկացնել «ԱՄՆ նախկին նախագահին պաշտոնազրկման  և քրեական պատասխանատվության ենթարկել, թե ոչ» նրա «սահմանադրական իրավախախտումների համար»: ATAA-ն այժմ ծրագրում է գիտաժողով անցկացնել ամերիկյան համալսարաններից մեկում «պատմաբանների և իրավաբանների մասնակցությամբ»։

Ես ստացա ATAA-ի՝ նախագահ Բայդենին ուղղված նամակի պատճենը, թվագրված 2023 թվականի ապրիլի 18-ին, որտեղ նրան ասվում էր, որ նախորդ տարվա ապրիլքսանչորսյան իր երկու հայտարարությունները «անտեսել են ԱՄՆ Սահմանադրության առնվազն չորս հոդվածները և բարեփոխումները»։ Այնուամենայնիվ, ATAA-ի նամակը ստանալուց մեկ շաբաթ անց նախագահ Բայդենը 2023 թվականի ապրիլի 24-ին հերթական անգամ հանդես եկավ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ՝ անտեսելով թուրքական նախազգուշացումները։ ATAA-ն նախագահը Բայդենին ասել է, որ ապրիլքսանչորսյան իր երկու  հայտարարությունների «դրդապատճառը եղել է միայն հզոր հայկական սփյուռքի շրջանում քաղաքական ժողովրդականություն ձեռք բերելը»:

Իր նամակի վերջում ATAA-ն կեղծորեն պնդել է, որ եղել է «Թուրքիայի և Հայաստանի հանրապետությունների նախաձեռնությունը՝ ստեղծելու Համատեղ պատմական հանձնաժողով, կազմված պատմաբաններից և իրավաբաններից և ընտրված Անկարայի ու Էրիվանի կողմից»:

Կցանկանայի մի քանի մտքեր ավելացնել թուրքական խեղաթյուրումների այս գրոհին.

Ես շատ ուրախ կլինեմ, եթե ATAA-ն դատական հայց ներկայացնի նախագահ Բայդենի դեմ, որը կհանգեցնի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության հանցագործության հանրայնացմանն ամբողջ աշխարհում։ ATAA-ի իրավաբանները հաճույքով կհարստանան՝ վարձատրվելով նման անլուրջ հայց ներկայացնելու համար:

Եթե Էլեքդաղն իսկապես սահմանադրական իրավունքի փորձագետ էր, ինչո՞ւ նա դատի չէր տվել նախագահ Ռոնալդ Ռեյգանին 1981 թվականին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին 1984-ին, երբ նրանք ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը՝ Վաշինգտոնում իր դեսպան եղած ժամանակ: Ինչո՞ւ ATAA-ն հայցեր չէր ներկայացրել 1975 թվականին՝ Ներկայացուցիչների պալատի, 2019 թվականին՝ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ բոլոր 50 նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

ATAA-ն կարող է շատ գումար և ջանք խնայել՝ պարզապես հարցնելով Google-ի Արհեստական բանականության (AI) կայքին, արդյոք թուրքերը կարող են դատի տալ նախագահ Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Ահա AI-ի պատասխանը.

«Ոչ, Բայդենը չի խախտել Սահմանադրությունը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Սահմանադրությունը բացահայտորեն չի արգելում նախագահին նման հայտարարություն անել, և չկա որևէ նախադեպ, որը ենթադրում է, որ այն հակասահմանադրական կհամարվի… Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից հայերի համակարգված բնաջնջումն էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:  Ցեղասպանության ժամանակ  սպանվել է մոտավորապես 1.5-ից 2 միլիոն հայ: Թուրքիայի կառավարությունը երկար ժամանակ հերքել է, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, սակայն կան անհամար ապացույցներ, որոնք հաստատում են դրա եղելությունը: Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վաղուց ուշացած քայլ էր մարդկության պատմության ամենամութ էջերից մեկի ճանաչման համար: Սա հզոր հայտարարություն է մարդու իրավունքների և արդարության նկատմամբ Ամերիկայի հանձնառության մասին»:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031