Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունը զավթած խմբակը եկել էր իշխանության, որ Արցախը հանձներ. հիմա ականատես ենք լինում. Արշակ Աբրահամյան

Մայիս 02,2023 23:50

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման անդամները շարունակում են իրենց խաղաղ ակցիան Արցախը Հայաստանին կապող ճանապարհին. պահանջը մեկն է՝ ապամոնտաժել Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետը:

« Որպեսզի թույլ չտան, որ քաղաքացիները միամիտ հայտնվեն այնպիսի իրավիճակում, որով ջուր կլցվի ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին… բոլորս հստակ գիտակցում ենք, որ եթե մենք 5 ամիս դիմացել ենք շրջափակմանը, ավելի լավ է 7 օր էլ դիմանանք, մինչեւ մեր հստակ ստորագրահավաքի հասցեատերերը գործողություններ իրականացնեն, այսինքն՝ մեր պահանջներն իրականացնեն»,- Aravot.am-ին ասաց շարժման լրատվական կապերի պատասխանատու Արշակ Աբրահամյանը:

Նա հիշեցրեց, որ հասցեատերերը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններն են, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններ, առանձին նաեւ ՌԴ նախագահը եւ ՀՀ վարչապետը՝ որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի հարցում իրավական եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության ղեկավար. «30 տարի առաջ ՀՀ-ն այդ պարտականությունը ստանձնել էր, ըստ որի՝ 30 տարի հայկական կողմի գլխավոր բանակցող համարվում էր ՀՀ ղեկավարը, որն այս պահի դրությամբ, տեսնում ենք ՝ փորձում է րոպե առաջ ձեռքերը լվանալ Արցախից»:

Հիշեցնենք, որ շարժումն Արցախի ողջ բնակչության անունից հանրային change.org հարթակում պահանջագիր է հրապարակել՝ պահանջելով վերացնել Արցախում Ադրբեջանի վարած՝ հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը եւ ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը:

Մեր հարցին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ապահովման հարցում ինչ դերակատարություն ունեն ՀՀ իշխանություններն ու ինչ են անում կամ չեն անում դրանց ապահովման ուղղությամբ, ի պատասխան պարոն Աբրահամյանն ասաց. «Սկսենք նրանից, որ այդ փաստաթուղթը ստորագրել է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը: Ոչ մեկ չի խնդրել իրեն այդ փաստաթուղթը ստորագրել եւ երկու հայկական պետություն կանգնեցնել փակուղու առջեւ: Բազմիցս ենք ասել, որ այդ փաստաթուղթը խայտառակ փաստաթուղթ է նաեւ հայկական կողմի համար, բայց դա միակ իրավական ուժ ունեցող փաստաթուղթն է այս պահի դրությամբ եռաչափ ձեւաչափով: Բայց նույնիսկ այդ խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտում ու շարունակում է անպատիժ խախտել այդ պայմանագրի մի շարք դրույթներ. բռնազավթում է նոր տարածքներ, սպանում է Արցախի բնակիչներին, կրակում է խաղաղ բնակիչների վրա, շրջափակման մեջ է պահում Արցախը, իսկ ապրիլի 23-ից հսկիչ-անձնագրային կետ է տեղադրել Բերձորի միջանցքում: Այս ամենը նույնիսկ այդ խայտառակ փաստաթղթի որեւէ դրույթով արտացոլված չէ: Ինչի համար եք ստորագրել այդ փաստաթուղթը, եթե ոչ մի կողմ իր պարտականությունը չպետք է կատարի»:

Հասցեատերերին շարժման անդամները 7 օր ժամանակ են տվել, եթե նրանց արձագանքը չտեսնեն,ըստ մեր զրուցակցի՝ ստիպված են լինելու դիմել բոլոր անհրաժեշտ մեթոդներին՝ իրենց երեխաների իրավունքները պաշտպանելու եւ իրենց հայրենիքում ապրելու իրավունքն իրացնելու համար: Թե ինչ գործողություններ են նախապատրաստում, մեր զրուցակիցն ասաց՝ այս փուլում չեն հրապարակի իրենց ճանապարհային քարտեզը:

«ՀՀ իշխանությունը զավթած խմբակը եկել էր իշխանության, որ Արցախը հանձներ: Այդ թեզերը բազմաթիվ անգամներ լսել ենք ու ականատես ենք լինում : Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբով փորձում է րոպե առաջ ձեռքերը լվանալ Արցախից: Այն ամենն, ինչ եկավ Արցախում ասաց՝ Արցախը Հայաստան է ու վերջ, գիտակցաբար Հայաստանը վերածեց աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետի, իսկ Արցախի բանակցային ողջ ճանապարհը մտցրեց փակուղի: Եթե չկա բանակցություն, դրա այլընտրանքը պատերազմն է, ինչին ականատես եղանք ու ունեցանք այսքան զոհեր ու տարածքային կորուստներ»,-հավելեց Աբրահամյանը:

Նրա խոսքով, ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում, որ Արցախում էթնիկ զտում չլինի. «Մենք նրանց միայն հակաարցախյան, իրավիճակը փակուղի մտցնող հայտարարություններն ենք տեսնում: Տեսնում ենք նրանց աշխարհաքաղաքական տարբեր երկրների հետ տարբեր համաձայնություններ, նաեւ, որ իրենք էլ չեն կողմնորոշվում՝ որ կողմ գնան: Այս ամենն ազդում է տարածաշրջանի եւ մեր հայրենիքի իրավիճակի վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031