Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ի ժողովուրդը իրականում միայնակ է նոր ագրեսիայի ու հումանիտար աղետի առջեւ

Մայիս 02,2023 23:25

Սամցխե-Ջավախքի «Մեդիա» Վերլուծական կենտրոնը տեղեկացնում է Վրաստանում հավատարմագրված քաղաքակիրթ երկրների դեսպաններին Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի եւ էթնիկ զտումների իրական վտանգի մասին։

Ապրիլի 23-ին, երբ աշխարհով մեկ սփռված հայերը հիշում էին 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը եւ հայրենազրկման հերթական տարելիցը, Ադրբեջանը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքում անօրինական ձեւով տեղադրել է մի անցակետ, որով փաստացի պարտադրում է Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակչությանը հեռանալ իր հայրենիքից, հստակ գիտակցելով, որ Ղարաբաղի հայերը ոչ մի կերպ չեն ընդունելու Ադրբեջանի հետ մեկ պետության մեջ ապրելու գաղափարը,  քանզի այն հավասարազոր է էթնիկ զտումների շարունակությանը։

Եւ դա տեղի է ունեցել ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության խախտումով, այլ նաեւ Հաագայի ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման հակառակ, որով Ադրբեջանը պարտավորվել էր բացել Լաչինի միջանցքը։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղը խորհրդային միության տարիներին Ստալինի կողմից բռնի ձեւով կցվել էր խորհրդային Ադրբեջանին եւ 1990-ական թվականներին ըստ խորհրդային սահմանադրության դուրս էր եկել խորհրդային Ադրբեջանի կազմից երբեք մաս չկազմելով անկախ Ադրբեջանի։ Դրան ի պատասխան Ադրբեջանը խորհրդային Ռուսաստանի աջակցությամբ սանձազերծել էր պատերազմը, որի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեծ կորուստների գնով կարողացել էր պահպանել իր անկախությունը։ 2020 թվականին Թուրքիայի օգնությամբ եւ Ռուսաստանի Դաշնության լուռ աջակցությամբ Ադրբեջանը կրկին հարձակվել էր Լեռնային Ղարաբաղի վրա խլելով Լեռնային Ղարաբաղից մի շարք տարածքներ, որոնց թվում են Հադրութը եւ Շուշին։ Արդյունքում Հադրութը եւ Շուշին ոչ միայն օկուպացված են այլ նաեւ լրիվությամբ հայաթափված։

2020 թվականի պատերազմի դադարեցման նպատակով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հայտարարություն էր ընդունվել։  Եռակողմ հայտարարության կարեւորագույն կետերից մեկը վերաբերում էր հենց Լաչինի միջանցքի անխափան երթեւեկությանը, որտեղ ոչ մի պարագայում չպետք է լիներ որեւէ անցակետ։ Սակայն ինչպես բոլորս տեղյակ ենք սկզբում Ադրբեջանը կեղծ «էկոակտիվիստների» միջոցով փակել էր Ղարաբաղի միակ ճանապարհը նպատակ ունենալով հումանիտար աղետ առաջացնել Ղարաբաղում ու գաղթի ենթարկել այնտեղի բնակիչներին, իսկ հիմա բացահայտ ձեւով անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում նպատակ ունենալով վերջնականապես խեղդելու Ղարաբաղի հայերի հայրենիքում մնալու կամքն ու իրավունքը։

Եւ այս ամենը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների լուռ ներկայության պայմաններում, ինչը վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրականում միայնակ է նոր ագրեսիայի ու հումանիտար աղետի առջեւ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031