Լրահոս
Օրվա լրահոսը

«Վկան նշեց՝ այդ հրթիռները, որոնք ընդունվել էին պահեստ, դրանց հետ կապված իր կողմից խնդիր նկատելի չի եղել»․ Դավիթ Տոնոյանի պաշտպանը՝ հրթիռների գործով վկաների հարցաքննության մասին

Մայիս 02,2023 21:20

Հակակոռուպցիոն դատարանում հրթիռների գործով մայիսի 2-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը։ Այսօր հարցաքննվեց ՀՀ ՊՆ նախկին պահեստապետը։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի՝ 4.7 մլն դոլարի հափշտակություն /վատնում/ կատարելու մեջ:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր հարցաքննված վկան ըստ էության նախաքննական ցուցմունքին համապատասխան ցուցմունք է տվել, որն իրենց համար սպասելի էր։ Այս առիթով մանրամասնեց․ «Նա հրթիռների՝ պահեստ մուտքագրվելու գործընթացն էր ներկայացնում, որը երբևէ որևէ մեկի կողմից չէր էլ վիճարկվել։ Ներկայացվեց, թե ինչ քանակով հրթիռներ են մուտք գործել պահեստ։ Նախկին պահեստապետի ցուցմունքն առավելապես հրթիռների քանակին էր վերաբերում, որը բոլոր առումներով հաստատված փաստ էր»։

Սերգեյ Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել սպառազինության ծառայության նախկին պետը։ Այս ցուցմունքի հետ կապված մասնավորապես ասաց․ «Այս ցուցմունքի նշանակությունն այն էր, որ վկան նշեց՝ այդ հրթիռները, որոնք ընդունվել էին պահեստ, դրանց հետ կապված իր կողմից խնդիր նկատելի չի եղել։ Կիրառման մասով էլ նշեց, որ դրանք տրամադրվել են կիրառման տարբեր ուսումնամարզական կենտրոնների և դրանց կիրառման բացասական հետևանքների մասին որևէ բան իրեն հայտնի չէ»։

Սերգեյ Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ դատական նիստի ընթացքում վկային ներկայացրել են այն հրթիռները, որոնց վերաբերյալ պնդում էին, որ ժանգոտ են և այլն, և հարցադրում է կատարվել՝  արդյոք իր գնահատականով այդ հրթիռներն արտաքին տեսքով  ինչ-որ խնդի՞ր են պարունակում, վկան դրանք գնահատե՞լ է՝ որպես ժանգոտ, կոռոզիայի ենթարկված, նա բացասական պատասխան է տվել և հայտնել, որ այդ հրթիռները արտաքինից որևէ խնդիր չունեն»։

Մեզ հետ զրույցում Դավիթ Տոնոյանի պաշտպանը շարունակեց պնդել, որ նախաքննության փուլում անգամ, երբ այսպես ասած գործը գտնվել է քննիչի տիրապետության տակ, նման տեղեկություններ հրթիռների հետ կապված ձեռք չեն բերվել։ Այնուհետև շարունակեց․ «Եթե անգամ հեռավոր ինչ-որ նպատակներ, կամ նշույլներ կային, որ կարող են ինչ-որ վատ բան պարունակել այդ ցուցմունքները, բայց դրանք դատաքննության ընթացքում անձանց՝ վկաների ցուցմունքների ժամանակ հերքվում են և ավելի պարզորոշ կերպով ներկայացվում, թե ինչ են նկատի ունեցել նրանք իրենց ցուցմունքներով։ Այսինքն՝ ցուցմունքները կարող էին լինել այնքան անբովանդակալից, այնքան կարճ, որ կարող էր տարընթերցման խնդիր առաջանալ, տարբեր մեկնաբանություններ կարող էին տրվել։ Դատաքննության արդյունքում մանրամասն հարցադրումների արդյունքում վկան բարձրաձայնում է, թե ինչ նկատի ունի դրանով, և այդ պատասխանները միանշանակ օբյեկտիվ կերպով լինում են հօգուտ մեզ»։

Վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստի ընթացքում։ Սերգեյ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ դեռ պետք է հարցաքննվեն 7-8 վկաներ։ Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 5-ին՝ ժամը 14։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031