Քաղաքային իշխանությունն իր բազմաթիվ խոստումներ և ծրագրեր չիրականացնելով ապացուցում է հակառակը, օրինակ՝ նախորդ տարի, երբ փլուզվեց Աջափնյակը Կենտրոնին կապող Ծիծեռնակաբերդի խճուղին՝ այդ 100 մետր ճանապարհն ընդամենը մեկ-երկու ամսում պետք է վերականգնվեր, շուտով կլրանա մեկ տարին՝ այդպես էլ այն չի վերականգնվել և երթևեկելի չէ: Նման պատասխան տվեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ Aravot.am-ի այն հարցին, թե որքան իրատեսական է Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հայտարարությունն այն մասին, թե շուտով կառուցվելու է Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանը:
«Հիմա մի իշխանություն, որը մեկ տարում չի կարողանում 100 մետր ճանապարհ վերականգնել՝ խոսում է մետրոյի մասին, իհարկե որևէ հավանականություն չեմ տեսնում, թե կկառուցվի: Այսօր տրանսպորտային համակարգի բազմաթիվ խնդիրներ դեռ լուծված չեն, օրինակ՝ նույն գազելները շարունակում են երթևեկել: Եթե տարիների ընթացքում հնարավոր չի եղել այդ հարցը կարգավորել, հիմա խոսել նման մեգա-նախագծի մասին, առնվազն դրա նախադրյալները ես չեմ տեսնում»,-նշեց Մեսրոպ Առաքելյանը:
Նրա դիտարկմամբ, ընդամենը մի նախագիծ են ներկայացրել, որն էլ դեռևս խորհրդային ժամանակներից մեկնարկած նախագիծ է, ավելին՝ կայարանի, և՛ նախագծի, և՛ թունելի փորման հիմնական աշխատանքների մի մասն արվել է դեռևս խորհրդային տարիներին:
«Այս պահին, նորից եմ կրկնում, այն աշխատանքի արդյունավետությունը, որ քաղաքային իշխանություններն անում են մետրոյի կայարանի կամ այլ մեգա-նախագծերի ուղղությամբ՝ բավականին հեռու են իրականությունից»-ընդգծեց Առաքելյանը:
Կարդացեք նաև
Երբ հիշեցրեցինք, որ ներկայիս քաղաքային իշխանությունները ցանկություն չունեն օգտվել խորհրդային ժամանակների նախագծից, քանի որ «Աջափնյակ» կայարանի նախագծման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 1,1 մլրդ դրամ, ևս 700 մլն դրամ՝ քաղաքային բյուջեից է տրվելու, մեջբերեցինք նաև մասնագետների խոսքն այն մասին, թե իշխանությունները ոչ միայն նախագիծն են փոխում, այլ նույնիսկ երթուղին՝ Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Նախագծման մասը բավականին խնդրահարույց է՝ պատվիրվում է մի նախագիծ, որի շինարարության և ընդհանրապես աշխատանքների հաստատումն ու ֆինանսավորումը չկա: Հիմա գոնե հրապարակային որևէ փաստաթուղթ կամ գոնե քննարկում չկա, որն արձանագրի, թե Երևանում կառուցվելու է մետրոյի նոր կայարան. ոչ ավագանու որոշում կա, ոչ էլ՝ կառավարության որոշում:
Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ փաստաթուղթ, որը վկայի, թե Երևանում մետրոյի նոր կայարան է կառուցվելու, այսինքն՝ այդ բացակայող փաստաթղթի շրջանակներում պատվիրվում է նախագիծ և մի քանի միլիոն դոլարի ծախս է իրականացվում պետական բյուջեից, պատվիրվում է մի նախագիծ, որի ճակատագիրը դեռ պարզ չէ: Ինչ որ նախագծի ժամկետներ են հայտարարվում, որը ո՛չ համայնքային բյուջեում, ո՛չ կառավարության առաջիկա 3 տարվա միջնաժամկետ ծախսային ծրագրերում չկա, չկա նախագիծ, որի հիման վրա այսօր սկսվեն այդ աշխատանքները: Հավելեմ, որ տարբեր հաշվարկներով, նաև միջազգային փորձից ելնելով, մետրոյի կառուցումը մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս է ենթադրում: Այդ ծախսը, հիմա Երևանի տրանսպորտային համակարգի համար, ես համարում եմ չարդարացված, քանի որ տրանսպորտային համակարգի խնդիրները բավականին մեծ են և ավելի արագ ու ավելի քիչ գումարով հնարավոր է այդ խնդիրները լուծել»-շեշտեց Առաքելյանը:
Մեր տարակուսանքին ի պատասխան, թե այդ դեպքում, ի՞նչ հիմնավորմամբ է ՀՀ կառավարությունը ֆինանսավորում հատկացրել՝ Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Նախագծի ֆինանսավորման հիմնավորումներում նշված է, որ մետրոյի նոր կայարան կառուցելն անհրաժեշտություն է թաղամասի բնակչության համար որպես տրանսպորտային միջոցի, այսինքն՝ որևէ հաշվարկ, որևէ հիմնավորում չկա տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ենթադրող նախագծի մասին: Փաստաթուղթը պետք է ունենա բավականին լուրջ վերլուծություններով ու հիմնավորումներով հատված, ոչ թե ընդամենը 2-3 տողով գրվի, թե պետք է կառուցվի մետրոյի նոր կայարան: Նորից եմ կրկնում՝ հաշվարկներ չկան»։
Առաքելյանը հավելեց․ «Սա նախընտրական հերթական քայլերից մեկն է, որը հանրային մեծ արձագանք կարող է ստանալ, քանի որ մետրոյի կառուցումը համարվում է մեծ նախագիծ և խորհրդային ժամանակներից հետո ընդամենը մեկ կայարան է կառուցվել, հիմա քաղաքային իշխանությանը թվում է, թե նման հերթական խոստումներով հնարավոր կլինի ինչ որ մարդկանց վստահություն շահել, բայց առօրյա խնդիրները, որոնք ոչ թե 4 տարվա, այլ 4 ժամվա ռեսուրս են պահանջում ՝ չեն լուծվում, և մարդիկ ամեն օր, ամեն ժամ ականատես են լինում քաղաքային իշխանության ոչ կոմպետենտությանը, երբ անհարմար քաղաքում շարունակում են ապրել փոշու ու կեղտի մեջ: Այսինքն, եթե քաղաքային իշխանությունը 4 ժամվա լուծում պահանջող խնդիրները թողած, 4 տարվա խնդիրներից է խոսում՝ սա չհաջողված նախընտրական խոստումների շարքից է»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ