Լրահոս
Օրվա լրահոսը

457 նոր բնակարաններ՝ Գյումրիում․ էլիտար շենքերի կառուցման համար 2 միլիարդ դրամ է ներդրվում

Մայիս 02,2023 19:15

Այսօր Գյումրու Օյունջյան վարժարանում տեղի ունեցավ մարզխորհրդի նիստը, որի ընթացքում Շիրակի մարզպետարանի վարչության պետերը մանրամասնորեն, ոլորտ առ ոլորտ ներկայացրեցին կատարված և կատարվելիք աշխատանքները։

Սա առաջին մարզխորհրդի նիստն էր նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանի՝ պաշտոնը ստանձնելուց հետո։

Վարչության պետերը, ինչպես միշտ, իրենց ելույթները թվախեղդ էին արել՝ մատուցման բավականին հին ոճ ընտրելով ու ներկաների հետ հարցուպատասխանի մեջ չմտնելով։

Բավական ուշագրավ տեղեկություններ հաղորդեց քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը՝ հայտնելով, որ մասնավոր ներդրողների կողմից այս տարի կանխատեսվում է շուրջ մեկ միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ։

Թե ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, նա իր ելույթում չէր ներառել, սակայն կոնկրետ Գյումրիի պահով կարող ենք փաստել, որ այս քաղաքը ներդրողներին հետաքրքիր է զբոսաշրջության տեսանկյունից։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ներդրողները Գյումրու քաղաքապետարան հիմնական հայտեր են ներկայացնում հյուրանոցներ, հյուրատներ, ինչպես նաև սրճարաններ ու ռեստորաններ կառուցելու։ Ըստ ճարտարապետի, սպասարկման ոլորտից բացի, այս տարի Գյումրիում բազմաբնակարան շենքեր կառուցելու հայտեր են ներկայացվում մասնավոր ներդրողների կողմից։ Վերջիններս քաղաքի տարբեր հատվածներում ցանկություն ունեն էլիտար շենքեր կառուցելու։

Հենրիկ Գասպարյանի փաստմամբ, ներդրողները հետաքրքրված են նաև Գյումրու պատմական կառույցներով, պատմական հուշարձանները վերանորոգելով ու դրանք զբոսաշրջային նպատակների համար օգտագործելով։

Ինչևէ, մարզպետարանի պաշտոնյա Խաչատուր Խնձրցյանն անդրադարձ կատարեց նաև բնակարաշինությանը՝ հայտնելով, որ 2023 թվականին Գյումրիում շուրջ 457 բնակարաններ կկառուցվեն։

Այս քաղաքում 3 նոր բնակելի շենքեր են կառուցվում, շուրջ 3 միլիարդ դրամի ներդրում է կատարվել։

Դրանից մեկը Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասում կառուցվող սոցիալական բնակարաններն են։ Երկու շենքերի պաշտոնական հանձնումը կատարվեց դեռ դեկտեմբեր ամսին, բնակարաններ հանձնվեցին 36 շահառուի, սակայն երկու նոր շենքեր ևս կառուցվելու են։

Ինչպես տեղեկացրեց Խաչատուր Խնձրցյանը, 2023 թվականին նախատեսված է «Մուշ» թաղամասում 9 հարկանի 2 բնակելի շենքերով համալիրի կառուցում՝ 50 բնակարանով, որի համար ներդվելու է շուրջ 1 միլիարդ դրամ։ Դրանք կառուցվել և կառուցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

Մյուս երկու շենքերը, որի մասին զեկուցեց քաղաքաշինության վարչության պետը, կառուցվում են Շիրակի մարզպետարանի մոտակայքում՝ Գարեգին Նժդեհ փողոցում ՝ Հանթսմանի թաղամասի հարևանությամբ։

Aravot.am-ն անդրադարձել է, որ այստեղ միմյանց հարևանությամբ երկու էլիտար շենքեր են կառուցվում՝ երկու տարբեր շինարարական ընկերությունների կողմից։ Դրանցից մեկը կունենա 311 բնակարան։

Ըստ Խաչատուր Խնձրցյանի, այս նպատակի համար շուրջ մեկ միլիարդ դրամ է ներդրվում։ Մյուս շենքը կունենա 96 բնակարան, որի համար ևս ներդրողը ծախսելու է շուրջ մեկ միլիարդ դրամ։ Այդ շենքերը կունենան նկուղներ, ավտոկայանատեղի, շքեղ այգիներ, խաղահրապարակներ։

Շենքերից մեկը կառուցում է «Պրոմ Գրուպ» ընկերությունը, մյուսի շինարարը գյումրեցի Հովհաննես Տոնոյանն է, որը նախընտրել է սև և սպիտակ գույները։

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրել էր Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ըստ նախագծի, այն ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի ոճին է նման։

Այս պահին ակտիվ շինարարություն է ընթանում, Հենրիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ էլիտար շենքերից մեկի մի հատվածն այս տարի պատրաստ լինի։

Նկատենք, որ քաղաքի կենտրոնում կառուցվող բնակարանների ձեռք բերման դեպքում որքան էլ եկամտային հարկի վերադարձման արտոնությունն է գործում, միևնույնն է՝ գյումրեցիներից շատերի փաստմամբ, այն գնային առումով անհասանելի է իրենց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031