Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց մեր երկրի ֆինանսական կայունության հիմնական խնդիրները։
Նրա ներկայացմամբ՝ աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված՝ բարձր անորոշության պայմաններում, համաշխարհային եւ ներքին տնտեսական ակտիվության ապագա հեռանկարի եւ գնաճի ռիսկերը պահպանվում են բարձր մակարդակում․ «Վերջինից ածանցված բարձր են գնահատվում տնտեսության պարտքային բեռի հնարավոր աճի եւ դրանից բխող վարկային կորուստների նյութականացման ռիսկերը։
Ֆինանսական կայունության մյուս խնդիրը, ԿԲ ուսումնասիրության համաձայն, վերջին տարիներին շարունակվող հիփոթեքային վարկերի եւ անշարժ գույքի գների շարունակական աճն է, որը վկայում է անշարժ գույքի եւ հիփոթեքային շուկայի որոշակի գերտաքացման մասին։
Վերջին 5 տարիների ընթացքում հիփոթեքային վարկերի ծավալի աճն, ըստ Գալստյանի, ուղեկցվել է անշարժ գույքի գների աճով․«Այսինքն, սրանց միջեւ դիտարկվում է միմյանց փոխսնուցող աճեր, որն անշարժ գույքի շուկայում գերտաքացման ռիսկի առկայության մասին է վկայում։ Այստեղ որոշակի մտավախություն ենք հայտնում այն երեւույթներով, որը տեղի է ունենում անշարժ գույքի շուկայում»։
Կարդացեք նաև
ԿԲ վերլուծությամբ՝ անցած տարի դեկտեմբերի դրությամբ Երեւանում անշարժ գույքի գների հնարավոր գերարժեւորման չափը գնահատվում է 16-22%, իսկ 2023 թվականի առաջին երեք ամիսներին անշարժ գույքի գների գերարժեւորումը կազմել է մոտ 25%-ով։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ