ՀՀ քննչական կոմիտեի hատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու մի շարք դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կ.Ս-ն, 2010թ. փետրվարի 28-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը, Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի օժանդակությամբ անցել է պաշտոնեական լիազորությունները, կատարել է պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով չի ձեռնարկել միջոցներ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:
Մասնավորապես, ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավարը, նույն համայնքի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող ընդհանուր 0.03676 հա մակերեսով հողատարածքը եղբորն օտարելու նպատակով, ստորագրել, ապա իր կնիքով հաստատել և եղբորն է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քաղվածք, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ համայնքի տնտեսության գրքում իր եղբոր անվամբ գրանցվել է 004 հա տնամերձ հողամաս: Այնուհետև, համայնքի ղեկավարը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, նշված քաղվածքը, առանց համայնքի ավագանու որոշման, ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա նշված հողատարածքի նկատմամբ գրանցվել է եղբոր սեփականության իրավունքը։
Բացի այդ, Այնթապ համայնքի նախկին ղեկավարը համայնքում գտնվող, ՀՀ հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով օտարման ոչ ենթակա՝ տարբեր մակերեսներով հողամասերը, վրան առկա ինքնակամ կառույցներով իրեն և իր ծանոթներին ու մտերիմներին օտարելու նպատակով, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ստորագրել է Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի կողմից կազմված որոշումներ՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ հողամասերը հանդիսանում են բնակավայրի հասարակական կառուցապատման, ինքնակամ կառույցի պահպանումը չի հակասում քաղաքաշինական նորմերին և համայնքի գլխավոր հատակագծի պահանջներին, ինքնակամ կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում: Նշված որոշումներով Կ.Ս.-ն հիշյալ հողամասերի վրա առկա ինքնակամ շինությունները ճանաչել է համայնքային սեփականություն և օրինական։ Ապա համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում ուղղակի վաճառքով դրանք վաճառել է: Հետագայում, որոշումները ներկայացվել են ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա հիշյալ հողամասերի, դրանց վրա առկա շինությունների նկատմամբ գրանցվել է համայնքի ղեկավարի կամ նրա մերձավորների սեփականության իրավունքը:
Կարդացեք նաև
Քննությամբ պարզվել է նաև, որ Այնթապ համայնքի բնակիչը, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.058 հա մակերեսով բնակավայրերի տնամերձ գործառնական նշանակության հողամասը մետաղյա ցանցով ցանկապատելիս, դուրս է եկել Այնթապ համայնքի 13-րդ փողոցի 2 փակուղու վրա, որը հանդիսանում է համայնքային սեփականության բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամաս։ Այդ կապակցությամբ հիշյալ փողոցի բնակչուհին դիմումներ է հասցեագրել համայնքի ղեկավարին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել փողոցի փակուղում ապօրինի հողազավթումները կանխելու ուղղությամբ: Համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով համայնքային սեփականության հողամասի զավթման մասին, դիտավորությամբ չի ձեռնարկել միջոցներ հողազավթումը կասեցնելու ուղղությամբ, վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել հողազավթում կատարած անձի նկատմամբ:
Բացի այդ, նպատակ ունենալով օրինականացնել համայնքի բնակչին պատկանող, Այնթապ համայնքի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի հասցեներից մեկում գտնվող՝ բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.1 հա մակերեսով հողամասի վրա կառուցված անասնագոմը և տնտեսական պահեստը, ստորագրել է որոշում՝ դրանում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ նշված հողամասի վրա կառուցված անասնագոմը և տնտեսական պահեստը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն հակասում քաղաքաշինական նորմերին: Այնուհետև, առանց հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, օրինականացրել է վերոնշյալ հասցեում գտնվող արտադրական նշանակության անասնագոմը և տնտեսական պահեստը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին (7 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին (8 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասին:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե