Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակացու ճեմարանը» հետամուտ է լինելու ոչ պրոֆեսիոնալ և անփույթ աշխատանքի հետևանքների բարձրաձայնմանը․ հայտարարություն

Մայիս 02,2023 17:54

Հաշվի առնելով ապրիլի 28-ին տեղի ունեցած միջադեպի արտառոց և շատ զգայուն լինելը և խորհրդակցելով ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ՝ Շիրակացու ճեմարանը չի բացառում դեպքի հանրային նշանակությունը, բայց ռիսկ է տեսնում երեխայի անձի բացահայտման և նույնականացման առումով:

Բացի այն, որ Ճեմարանը իրավական հիմք չունի առանց ծնողների համաձայնության հրապարարկելու երեխայի մասին որևէ տեղեկություն, քանի որ այդպիսով կարող է խախտել երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, նաև կարևորում է այն զգոնությունն ու արդարամտության սկզբունքը, որով առաջնորդվում են սովորական քաղաքացիներն ու լրատվամիջոցները երեխայի մասին ցանկացած ինֆորմացիայի հրապարակման պարագայում:

Որպես այդպիսին, երեխաների իրավունքները պաշտպանված են կոնվենցիաներով և օրենսդրական մի շարք ակտերով, իսկ լրատվամիջոցների կողմից կատարված հրապարակումները ուղղակի միջամտություն են երեխաների անձնական կյանքի անձնեռնմխելիությանը և ոտնահարում են առնվազն անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։

Սենսացիոն բնույթի տեղեկատվությամբ լսարան գրավելու լրատվամիջոցների մեծ ցանկությունը շուտով մարելու է, իսկ երեխայի մասին ցանկացած տեղեկություն հավերժ մնալու է համացանցի հիշողության մեջ՝ հետագայում խանգարելով երեխայի բարի համբավի և կայուն կյանքի կազմակերպման ընթացքին:

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, դեպքի հետ կապված ցանկացած հարց, դետալ, տեղեկություն կարող է համարվել քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկություն և ըստ այդ՝ ցանկացած անհամաչափ քննարկում կարող է վնասել երեխային և քննական վարույթի պատշաճ իրականացմանը:

Որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ, առերևույթ անտեսելով երեխայի լավագույն շահի սկզբունքը, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը և քրեական վարույթին չխոչընդոտելու անհրաժեշտությունը, հրապարակումներ են արել. կոչ ենք անում լինել շրջահայաց և մտածել նախքան նախաքննական գաղտնիք պարունակող, հրապարակման ոչ ենթակա, այդ թվում՝ նաև ոչ հավաստի տեղեկության հրապարակումը:

Ճեմարանը հետամուտ է լինելու ոչ պրոֆեսիոնալ և անփույթ աշխատանքի հետևանքների բարձրաձայնմանը, խախտումների բացահայտմանը, որովհետև երեխայի շահը և նրա իրավունքների պաշտպանությունը գերակա են:

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031