Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունն իր հայտարարություններով նպաստեց ադրբեջանական ագրեսիայի համար պարարտ հող նախապատրաստելուն»․ Տիգրան Աբրահամյան

Մայիս 02,2023 17:46

Արցախի շրջափակումից բխող վտանգները խորացնելու, անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու եւ Արցախին բոլոր կողմերից սեղմելու նկատառումներով Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, փաստացի իրագործեց իր կարևոր նպատակներից՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու գաղափարը։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունը ոչ միայն լուրջ քայլեր չձեռնարկեց՝ կանխելու Արցախի հայաթափման, էթնիկ զտումների եւ մեր հայրենակիցների անվտանգության հետ կապված խնդիրները, այլ իր հայտարարություններով նպաստեց ադրբեջանական ագրեսիայի համար պարարտ հող նախապատրաստելուն։

«Հայաստանի իշխող ուժի՝ Արցախի հարցն իրենից վանելու եւ այլ սուբյեկտների դաշտ մղելու, Արցախին բացառապես հումանիտար հարցերում աջակցելու եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու քաղաքականությունը, որում ոչ մի արձանագրում չկա ինքնորոշման իրավունքի ու դրա իրացման վերաբերյալ, Ադրբեջանի համար բարենպաստ դաշտ է ձեւավորել նույնիսկ գրավոր պայմանավորվածությունների խախտմամբ ապօրինի անցակետ տեղակայելու եւ Արցախում բարդագույն վիճակ հրահրելու համար»,- ասաց նա։

Աբրահամյանը նշեց, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը բանակցային օրակարգից դուրս բերելու և անորոշ՝ արցախահայության իրավունքներով ու ազատություններով փոխարինելու իշխանության ջանքերը հանգեցրել են նրան, որ այն սուբյեկտները, որոնք երկար ժամանակ տարբեր փաստաթղթերում ամրագրել են արցախցիների ինքնորոշման գաղափարը, սկսել են առաջնորդվել Հայաստանի իշխանությունների նոր առաջնահերթություններով։

Աբրահամյանը նշեց, որ Ադրբեջանի ագրեսիվ քայլերը պետք է լուրջ մտահոգության առիթ լինեն ՌԴ համար, որը ոչ միայն եռակողմ փաստաթղթի կողմ է, այլ Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելության միջոցով լուրջ գործառույթներ է ստանձնել։ «Մյուս կողմից շատ կարեւոր է հասկանալ, թե ադրբեջանական անցակետի պայմաններում ինչպե՞ս է ապահովվելու արցախցիների անվտանգությունը, բնականոն կյանքը, որովհետեւ վերջին 4-5 ամիսների ընթացքում Արցախում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել։ Հայաստանի այն իշխանությունը, որն իրեն օտարում է մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող հայերից, նույնն անելու է սյունեցիների, տավուշցիների ու երևանցիների նկատմամբ։ Իսկ Ադրբեջանի տարածքային նկրտումներն ու ախորժակը զուտ Արցախով չեն սահմանափակվելու։ Արցախն այն դարպասն է, որի դուռը բացելուց հետո ճանապարհ է հարթվելու դեպի Հայաստան։ Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հանձնման գործընթացն ավարտելու գլխավոր խոչընդոտը եղել է ու շարունակում է մնալ արցախցիների անկոտրում պայքարը, դիմադրելն ու սեփական հողին նվիրված լինելու անսահման ձգտումը, որին պետք է բոլոր միջոցներով սատարել եւ մասնակցել»,- ասաց Աբրահամյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031