«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը` շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը»,- Aravot.am-ին փոխանցեցին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ Բաքվից այսօր պահանջ է հնչել, որպեսզի հայ վանականները լքեն Դադիվանքը: «Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգի վանքը (Ադրբեջանում այսպես են անվանում Դադիվանքը)»,- APA-ին ասել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։ Նախագահն ասել է, որ «հայերը ոչ մի կապ չունեն այս վանքի հետ», քանի որ այն «այն պատկանում է կովկասյան Ալբանիային, եւ վաղ թե ուշ այն վերահսկվելու է ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից»։
«Ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ»,- փոխանցում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ