Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ․ գնաճը նվազել է․ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 10.75%

Մայիս 02,2023 17:09

2023-ի մարտին տասներկուամսյա գնաճը կտրուկ նվազել է, կազմելով 5,4 %։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ խորհուրդն այսօր որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.75%։

Հայաստանի գործընկեր երկրներում տասներկուամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն, ինչպես Գալստյանը նշեց, պահպանվող բարձր պահանջարկի եւ աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցության հետեւանքով ընդհանուր գնաճային միջավայրը մնում է բարձր։

ԿԲ կանխատեսումներով՝ համաշխարհային տնտեսությունից Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ։ Այս տարեսկզբին, ըստ Գալստյանի, Հայաստանում տնտեսական ակտիվությունը բարձր է, ինչին նպաստել է ծառայությունների եւ շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը։

«Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության դրամի արժեւորման եւ արտաքին հատվածից գնաճային ազդեցությունների թուլացման արդյունքում տասներկուամսյա գնաճը Հայաստանում նվազում է։ Այնուամենայնիվ, բարձր պահանջարկն ու գնաճային սպասումները դեռեւս շարունակում են նպաստել աշխատավարձերի եւ առանձին ապրանքախմբերում եւ ծառայություններում բարձր գնաճի պահպանմանը»,-ասաց Գալստյանը։

ԿԲ կանխատեսումների համաձայն, առաջիկայում գնաճը կնվազի, այն տարեվերջին կկայունանա նպատակային 4%-ի շուրջ։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031