44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փոխարեն պետք է հատուկ տրիբունալ ստեղծվեր, որտեղ ներկայանալը կլիներ ոչ թե ըստ ցանկության ու նախասիրության, այլ պարտադիր։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Բայց իմ այս առաջարկը չընդունվեց, դիտարկվում է այսպես, որ տրիբունալ ստեղծելը լավ չէ, վատ է։ Բայց հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի այդ տրիբունալը պետք էր, որ հետո չլինի այն, ինչ եղավ սեպտեմբերին։ Մեզ պետք էր տրիբունալ, որը ոչ միայն կքններ, թե սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի շրջանում ինչ է եղել, այլ կքններ, թե դրանից առաջ, դրանից մի քանի տարի առաջ ինչ էր եղել»,- ասաց Գեղամ Նազարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ