Ազգային ժողովի նիստում քննարկվում է «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի կատարված աշխատանքը մասին տեղեկություն ներկայացրեց։ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովն աշխատանքների ընթացքում պահանջել եւ ստացել է 4154 գաղտնի եւ հույժ գաղտնի տեքստային եւ գրաֆիկական փաստաթուղթ։ Դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունը դեռ շարունակվում է հանձնաժողովի պատգամավորների եւ փորձագետների կողմից։ Որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են եւ շարունակվում են հրավիրվել գործող եւ նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողով են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ եւ զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ եւ տեսաձայնային նյութեր։ Զրույցների եւ լսումների ընթացքում ստացված տեղեկությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ ուսումնասիրման նպատակով դիմել համապատասխան կառույցներին եւ ստանալ փաստաթղթերի նոր քանակություններ։ Հրավիրյալների լսումների շարունակելու եւ փաստաթղթերի նոր ծավալն ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հանձնաժողովի աշխատանքների հաջորդ փուլը, որի համար խիստ անհրաժեշտ է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնել եւս 6 ամսով»,- ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ սա վերջին երկարացումը կլինի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ