«Դժվար է ընդդիմությանն ավելի մեծ քննադատ գտնել, քան մենք՝ ինքներս, քան իմ գործողությունների համար՝ ես, ինքս: Քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությունը ձախողել է: Հա, ինչ-որ ձեռքբերումներ կան, ինչ-որ փոքր բաներ տեղի են ունեցել, ինչ-որ փոքր հաղթանակներ կան՝ կապ չունի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով ընդդիմադիրների հասցեին վերջին շրջանում առավել ինտենսիվ հնչող քննադատությանը:
Ինչ վերաբերվում է ընդդիմության միասնականության վերաբերյալ հարցերին, Հայկ Մամիջանյանը ՀՀԿ-ի անունից վստահեցնում է՝ իրենք պատրաստ են աջակցել բոլոր այն հասարակական, քաղաքական միավորներին, անհատներին, ովքեր իրականում Հայաստանում իշխանափոխություն են ցանկանում: Հայկ Մամիջանյանը աջակցության որեւէ հնարավորություն ՀՀԿ-ի կողմից չի տեսնում այն անձանց կամ միավորների համար, որոնք մի քանի ամիսը մեկ Նիկոլ Փաշինյանի հետ հավաքվում եւ ինչ-որ բաներ են քննարկում:
Դիտարկմանը՝ մարդիկ ասում են՝ քանի դեռ ՀՀ-ում ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է, մարդիկ կգնան Նիկոլ Փաշինյանին կընտրեն եւ հարցին՝ գուցե հանուն ՀՀ-ի, դո՞ւրս գաք քաղաքականությունից, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Եթե ՀՀ քաղաքացիները չեն հավատում կամ չեն ընկալում մեր հնչեցրած այս կամ այն փաստարկին, ապա մեր խնդիրն է՝ այնպես անել, որ իրենց համար արժանահավատ ձեւով դա ներկայացնել: Ես չեմ ասի՝ ինչո՞ւ չեն հավատում. չեն հավատում, որովհետեւ լավ չի բացատրվում»:
Նա նաեւ նկատեց, որ տեւական ժամանակ լայնամասշտաբ ցույցեր չեն եղել, բայց ինքն ու իր ընկերները մասնակցել են ցույցերի, որի հարթակից Նիկոլ Փաշինյանի՝ ներկա-նախկին կեղծ թեզն էր տարվում. «Բայց ես կանգնած եմ մնացել այդտեղ, որովհետեւ հավատում էի, որ այս մարդիկ էլ են փորձում Փաշինյանի դեմ պայքարել: Երեւան քաղաքում հրապարակներ շատ կան, փողոցներն էլ քիչ չեն, որոնք կարելի է փոկել, ակցիաների տեսակներն էլ շա՜տ են լինում»:
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանը նաեւ հայտարարեց. «Մենք մեր անելիքն այսպես թե այնպես՝ անելու ենք եւ եթե մեր քաղաքացիների մեծ մասը որոշի՝ ուս-ուսի մեր հետ դա անել, մենք շատ շնորհակալ կլինենք՝ երկրի անունից: Եթե մեր քաղաքացիների ինչ-որ մի հատված կորոշի այլ կերպ դա անել, այլ անհնազանդությամբ, մենք նույնպես շնորհակալ կլինենք՝ երկրի անունից»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ