Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մանրամասներ ներկայացրեց Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական ծրագրի վերաբերյալ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը (լուսանկարում) «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարցրեց, թե Եվրամիության կողմից Հայաստանին հատկացված 2,6 մլրդ եվրոյից որքա՞ն գումար է արդեն մտել Հայաստան։
Սոնա Ղազարյանը նշեց, որ եվրոպական ֆինանսական կառույցների հետ 2022 թվականի դրությամբ արդեն հաստատվել են 195 մլն եվրո արժողությամբ ծրագրեր, եւ 86,3 մլն եվրո արժողությամբ ծրագրերը հաստատման փուլում են։ «Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ճանապարհին, ապա 900 մլն եվրո է գնահատվել ծրագիրը, եւ դա նախապատրաստման փուլում է։ Դուք քաջատեղյակ եք, որ 2,6 մլրդ եվրոն չի նախատեսվել ծախսել մեկ տարում, դա հնգամյա ծրագիր պետք է լիներ։ Եվ առաջին ծրագրով շեշտադրվել է Սյունիքը։ Սյունիքում ոչ միայն ենթակառուցվածքների զարգացումն է, այլ նաեւ կրթական բաղադրիչ կա՝ դպրոցների, մանկապարտեզների վերաբերյալ։ Անմասն չեն մնացել ոստիկանական բարեփոխումները, որի համար դրամաշնորհ է հատկացվել։ Ոստիկանական ռեֆորմների համար 10 մլն եվրո դրամաշնորհային ծրագիր է ուղղվել, ինչպես նաեւ 5,2 մլն եվրո դրամաշնորհ՝ սոցիալական ծախսերի նպատակով»,- ասաց Սոնա Ղազարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ