«Մեր աչքի առաջ ամեն օր Երեւան-Սեւան ճանապարհից անհետանում են սարեր, բլուրներ, ամբողջ լանդշաֆտ է փոխվում»,- այս մասին Ազգային ժողովի հերթական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Սա նախարարությունը նորմա՞լ է համարում՝ վերցնել ու սարերը վերացնել, ինչ-որ մեկը փորձաքննություն արե՞լ է, պարզե՞լ է։ Վաղը-մյուս օրը տեխնիկան թույլ կտա, կարող են անցնել նաեւ Արագած սարին»,- շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին հարցրեց Գեղամ Նազարյանը։
Ի պատասխան նախարարն ասաց․ «Ինձ նույնպես դա անհանգստացնում է։ Ուզում եմ երաշխավորել, որ ինչ մեր դաշտում է, մենք անում ենք։ Օրենսդրական փոփոխությունները եւ լավարկումները ուղղված են հենց դրան, որ սարերը, որոնք կան, ուղղակի չվերանան»,- ասաց նա։ Սիմիդյանը հավալեց նաև, որ աշխատանք է տարվում, որպեսզի Երևանն ազատվի փոշուց։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ