Լրահոս
Օրվա լրահոսը

«Հյուսիս-հարավ»-ի Ագարակ-Քաջարան 32 կմ-ոց ճանապարհի եւ թունելի շինարարության համար լրացուցիչ ֆինանսավորում  կհատկացվի

Մայիս 02,2023 14:30

Ազգային ժողովի հերթական նիստում  քննարկվում է «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ասաց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 32 կմ երկարությամբ Ագարակից Քաջարան ճանապարհի և 7 կմ-ոց թունելի շինարարական աշխատանքները։ «Արդյունքում՝ նախատեսում ենք ունենալ երկրորդ տեխնիկական կարգի 80 կմ հաշվարկային ժամ արագությամբ և երեք երթևեկելի գոտիներով ճանապարհ։ Ընդհանուր առմամբ նախատեսում ենք նաեւ կառուցել 17 կամուրջներ, 2 թունելներ՝ Լիճքի և Մեղրիի հատվածում»,- ասաց նա։ Ըստ փոխնախարարի՝ այս տարի նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները։ Նա ասաց, որ լրացուցիչ համաձայնագրով նախատեսվում է վարկային միջոցների հասանելիության ժամկետի երկրաձգում եւ Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը իրականացնելու համար ֆինասական միջոցների ավելացում:

«Ներկայացված նախագծով երկու հիմնական փոփոխություններ ենք առաջարկում կատարել՝ երկարաձգել վարկային համաձայնագրի ժամկետը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը և ծրագրի բյուջեում կատարել փոփոխություններ, շինարարական աշխատանքների համաֆինանսավորման չափն ավելացնել 86 մլն 681 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով՝ ծրագրի ամփոփ բյուջեն կդառնան 236 մլն 681 հազար ԱՄՆ դոլար։ Նշված փոփոխությունների կատարման արդյունքում հնարավոր կլինի ապահովել ծրագրի արդյունավետ իրականացումը և ավարտել նախատեսված ժամկետներում»,- հավելեց Քրիստինե Ղալեչյանը։ Նա հավելեց, որ այս ծրագրի շրջանակներում են նաև նախագծվել Քաջարանի 7 կմ-ոց թունելի կառուցման և մոտեցող 4 կմ-ոց ճանապարհի վերակառուցման աշխատանքները։ Այս ճանապարհը, նրա խոսքով, հանգեցնելու է երթևեկության էական փոփոխությունների՝ կրճատելով ժամանակը՝ թունելի մասով 68 րոպեով, իսկ տարածության մասով՝ շուրջ 18․8 կմ-ով։ «Առհասարակ կուզեի ասել, որ Սիսիանից մինչև սահման մենք միասնական մեծ ծրագրի կոնցեպտով ենք առաջնորդվում։ Եվ այս ամբողջ հատվածում ունենք բոլոր պատրաստ նախագծերը»,- ասաց նա։ Ըստ փոխնախարարի՝ ընդհանուր Սիսիանից դեպի Ագարակ հատվածի շինաշխատանքները նախատեսվում է իրականացնել 6 տարի ժամկետում, քանի որ տեղանքը բարդ է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031