Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցք» եզրույթն ընդհանրապես չի քննարկվում. Արման Եղոյան

Մայիս 02,2023 14:13

«Այո, նախնական պայմանավորվածություն կա, եւ, ըստ այդ պայմանավորվածության, ԱԳ նախարարների հանդիպում պետք է լինի նաեւ Մոսկվայում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ հավելելով, որ դա չի խանգարում, որ հանդիպում է տեղի ունենում նաեւ ԱՄՆ-ում:

Լրագրողներից մեկը իշխող խմբակցության ներկայացուցչին հիշեցրել էր, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս տեղեկացրել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն  է ձեռք բերվել, որը կկայանա Մոսկվայում: Տեղեկությունը հաստատել էին նաեւ ՀՀ ԱԳՆ-ում: Այդ հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակություններ դեռ չկան։

Այն, որ վաշինգտոնյան հանդիպումը մի քանի օր է տեւելու, Արման Եղոյանը նորմալ է համարում, կարծում է, որ դա կախված է բանակցության բովանդակությունից: Իսկ բանակցությունների բովանդակության մասին նա առայժմ չի խոսում: Այդ առիթով լրագրողների տարբեր հարցերը միեւնույն պատասխանին արժանացան.  «Հայկական կողմը այդ բանակցություններից հնարավոր առավելագույն սպասելիքներ ունի: Եթե ուզում եք, որ բովանդակությունից, տեքստից մեջբերումներ անեմ, դժվար թե դա հիմա հնարավոր լինի»:

Նա միայն ասաց, որ բանակցությունները վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ողջ սպեկտրին, շոշափում են բոլոր այն հարցերը, որոնք լուծված չեն: Սա պատասխանն էր այն հարցի՝ արդյո՞ք վաշինգտոնյան բանակցությունների արդյունքում Բերձորի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետը կհանվի: «Բնականաբար, այդ բոլոր հարցերով արվելու է ամեն ինչ՝ համաձայնության հասնելու համար, հայկական կողմերի համար շահավետ լուծման, իրենք էլ, բնականաբար, իրենց համար շահավետ լուծման»,-ասաց նա:

Մեկ այլ հարցի՝ հնարավո՞ր է նոր զիջումներ լինեն, քանի որ բանակցությունները, սովորաբար, ի օգուտ Հայաստանի չեն լինում, Արման Եղոյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ բանակցություններն ի օգուտ Հայաստանի չեն եղել, պատերազմն ի օգուտ Հայաստանի չի եղել»։

Բանախոսը պնդեց՝ «Զանգեզուրի միջանցք» եզրույթն ընդհանրապես չի քննարկվում. «Հայաստանը երբեք նման քննարկումների մեջ չի եղել, երբեք համաձայնություն չի տվել՝ իր տարածքից մետր անգամ այլ պետության զիջելուն: Իսկ իրենց «Զանգեզուրի միջանցք» ասածը՝ դուք գիտեք, թե ինչ կարգավիճակով են ուզում՝ էքստրատերիտորիալ: Հիմա ես չգիտեմ՝ ուզո՞ւմ են էլի, թե՞ չեն ուզում, բայց նման էքստերիտորիալ միջանցք Հայաստանի տարածքից չի կարող տրվել այլ պետության»:

Հարցին՝ իսկ Հայաստանը պատրա՞ստ է փաստաթուղթ ստորագրել, այն պարագայում, քանի դեռ ադրբեջանական ԶՈՒ-ը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, Արման Եղոյանը պատասխանեց, որ դա էլ քննարկման առանցքային հարցերից է, բայց նա չցանկացավ ժամանակից առաջ ընկնել ու այս մասով մանրամասներ ասել: Միայն պնդեց՝ ամեն կողմ ունի իր պահանջը, իսկ Հայաստանի պահանջը մեկն է:

Այն, որ բանակցություններն ընթանում են Մոսկվայում կամ Վաշինգտոնում, բանախոսի գնահատմամբ, խոսում է միջազգային երաշխիքների մասին, թեեւ ինքն էլ նկատում է, որ հաճախ, տարբեր իրավիճակներում, նույնիսկ այդ երաշխիքները չեն գործում: Բայց մեկ բան ՔՊ-ի ներկայացուցիչը արձանագրել է՝ միջազգային հռետորաբանությունը վերջին շրջանում փոխվել է՝ ավելի առարկայական է դարձել ու հայկական կողմին առավել ձեռնտու:

«Ամերիկայի ձայնը» հրապարակել էր, որ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում քննարկվող հարցերից մեկը երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ու անվտանգության հարցն է. լուրը, սակայն, ավելի ուշ հանվեց կայքից: Լրագրողի ճշտող հարցին՝ Արցախի հարցը իջեցվե՞լ է «էթնիկ փոքրամասնությունների իրավունքների» մակարդակի, իշխող ուժի ներկայացուցիչը պատասխանեց անհստակ. «Բանակցություններ են ընթանում, եւ բանակցություններում ցանկացած կողմ ցանկանում է իր համար առավելագույնը ստանալ»:

Իշխող ուժի ներկայացուցիչը պնդում է դիրքորոշումը, որ Արցախի հարցով բանակցությունները պետք է վարվեն Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ու պնդում է, որ Հայաստանն անում է ամեն ինչ, որպեսզի Ստեփանակերտը դառնա սուբյեկտ:

Լրագրողները հարց տվեցին  նաեւ երեկ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ՝ նկատելով, որ այդպիսով Հայաստանը դիրքորոշում է հայտնում, որ ՌԴ-ն ագրեսոր պետություն է, ինչը չի բխում ՀՀ-ի շահերից: Արման Եղոյանը համամիտ չէ. ամեն դեպքում, նա համոզված է, որ Հայաստանի քվեարկությունը պետք է բխեր ՀՀ-ի շահերից, ու կասկած չունի, որ դա հենց այդպես է:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031