Ղեկին ծխելու, մնացորդը դուրս նետելու, մանրադրամն իրեն փոխանցելու պահանջի համար ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի համայնքային բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, տեսաձայնագրություններն ուսումնասիրվում են և, ըստ անհրաժեշտության, միջոցներ ձեռնարկվում:
«Սոցիալական ցանցում նախորդ շաբաթ գրառում արվեց, որտեղ նշվում էր, որ ավտոբուսի վարորդը ագրեսիվ է իրեն պահել, ծխել է ղեկին, նաև ուղևորներին պարբերաբար հորդորել մանրադրամը փոխանցել իրեն: Նման դեպքերը մենք պետք է հանրայնացնենք, որպեսզի հետագայում բացառենք երևույթի կրկնությունը: Հսկողությունը լինելու է շարունակական, և ցանկացած խնդրի դեպքում վարորդները պատասխանատվության են ենթարկվելու»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:
***
Երթուղի է դուրս եկել «MAN» մակնիշի ավտոբուսների 2-րդ խմբաքանակը: Մինչ այդ «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով աշխատող 3-րդ ավտոբուսային երթուղու ամբողջ շարժակազմը փոխարինվել է: Ուղեգիծը սպասարկում է Նոր Նորքի 9-րդ զանգվածի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչներին:
Կարդացեք նաև
Բացի այդ, 47 համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինվել են միջին դասի «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով, որոնք կսպասարկեն 48 երթուղին: Փոքր դասի ավտոբուսները կփոխարինեն 21 համարի երթուղու շարժակազմը, իսկ 18 համարն այսուհետ քաղաքացիներին կսպասարկի «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով:
Միասնական տոմսային համակարգի ներդրման փորձնական աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ համար 1 ավտոբուսային երթուղու 14 շարժակազմում տեղադրվել են հատուկ վճարային սարքավորումներ: Երթուղու երկայնքով բոլոր տերմինալներում ակտիվացվել է տոմս ձեռք բերելու համապատասխան կոճակը: Նախատեսվում է դրանք փորձարկել նաև բջջային հավելվածում:
***
Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն մուտքագրված՝ ուշացած և ժամկետանց 5163 գրություններից նախորդ շաբաթ պատասխանվել է 929-ին, ինչը վարչության աշխատանքում ռեկորդային է: Նշվել է, որ այսուհետ բացառվել է «գործը քննարկման փուլում է» բովանդակությամբ պատասխանների տրամադրումը: Բոլոր դիմումներին տրվում են հստակ պատասխաններ:
***
Ավարտական փուլում է Աբովյան պուրակի բարեկարգումը:
Ամփոփվել են Երևանի բուսաբանական այգում նախատեսվող հուշապուրակի կառուցման համար հայտարարված մրցույթի արդյունքները:
Շուտով կառավարության աջակցությամբ Մուշական թաղամասում կմեկնարկի կոյուղագծի կառուցման ծրագիրը:
Ամիրյան փողոցի բոլոր մալուխները կանցկացվեն ստորգետնյա: Ծրագրի շրջանակում տեղադրվել են նոր հենասյուներ, անցկացվել խողովակներ, հերթը կապի օպերատորներինն է, որոնք պետք է մալուխներն գետնի տակ անցկացնեն: Հանձնարարվել է մեկ անգամ ևս տեղում ստուգել աշխատանքների որակը:
***
Առևտրային բանկերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ առցանց հավելվածներում գույքահարկի և աղբահանության վճարի համար առանձին հնարավորություն ստեղծելու նպատակով: Նշենք, որ 2022թ. հուլիսի 1-ից համայնքն իր ծառայությունների համար բոլոր վճարումներն ընդունում է անկանխիկ եղանակով: Քաղաքացիների համար վճարումներն առավել հարմարավետ դարձնելու նպատակով քաղաքապետարանը դիմել է բանկերին՝ լրացուցիչ գործիքակազմի համար:
Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեների վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի վերաբերյալ նշվել է, որ քաղաքացիների հետ կազմակերպվել են հանդիպումներ, ոմանց հետ արդեն իսկ կնքվել են պայմանագրեր:
Ամփոփելով շաբաթօրյակի արդյունքները՝ զեկուցվել է, որ մաքրման աշխատանքներ են իրականացվել բոլոր վարչական շրջանների՝ նախապես որոշված հասցեներում: Կուտակված ամբողջ աղբը տեղափոխվել է աղբավայրեր: Տեխնիկայի միջոցով մաքրվել են նաև շինաղբի կուտակման քրոնիկ հասցեները:
Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, համայնքային կառույցներին և մասնավոր կազմակերպություններին՝ շաբաթօրյակին ակտիվ մասնակցության համար:
Երևանի քաղաքապետարան