Հանգստյան օրերին Վանաձորի բժշկական կենտրոն շան կծածից բուժօգնության է դիմել 9 քաղաքացի, որոնց գերակշռող մասը Վանաձոր քաղաքից: Դեպքերն արձանագրվել են ոչ միայն քաղաքի կենտրոնական, այլ նաեւ ծայրամասային թաղամասերում: Բժշկական կենտրոն բուժօգնության դիմած բոլոր քաղաքացիները ստացել են անհրաժեշտ առաջին բուժօգնություն, համապատասխան պատվաստումներ, նշանակվել է հետագա բուժում:
Թափառող կենդանիներից տուժածների թիվը նախորդ տարիների համեմատ գնալով ավելանում է: Բժշկական կենտրոնից Aravot.am-ին հայտնեցին, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տարեսկզբից մինչ այսօր բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 143 բնակիչ, որոնց մեջ փոքր թիվ չեն կազմում երեխաները:
Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության բարեկարգման եւ բնապահպանության բաժնի պետ Բենիկ Նազարյանը Aravot.am-ին հայտնեց, որ թափառող շների համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի, համայնքի բյուջեից այդ նպատակով կհատկացվի 10 մլն դրամ, ներկայումս կազմվում են համապատասխան փաստաթղթերը: Մրցույթը շահելուց հետո հաղթող կազմակերպությունը կստանձնի 330 շան ստերջացման պարտավորությունը:
Նախորդ տարի, ըստ բաժնի պետի, ստերջացվել է շուրջ 200 շուն:
Կարդացեք նաև
Էդվարդ Արզումանյան