«Ես կոչ եմ անում միանալ մեզ եւ գնալ Թուրքիա»,- ԱԺ նիստում խորհրդարանական ընդդիմությանը դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։ ՀՀ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական պատվիրակությունը մայիսի 4-ին մեկնելու է Անկարա, այցին չի մասնակցելու խորհրդարանական ընդդիմությունը։
«Ես կոչ եմ անում միանալ մեզ ու գալ։ Այն, ինչ ասվել է պարոն Մանուկյանի կողմից տարբեր հարթակներում, փողոցում, հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի, Ադրբեջանի վերաբերյալ, ինչ մտածում եք, եկեք էնտեղ ասեք։ Ինձ թվում է՝ դա շատ ավելի լավ հարթակ է, քան այստեղ կամ փողոցում Թուրքիայի հասցեին հայտարարություններ անելը»,- ասաց Պապոյանը։
Դիմելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝ Պապոյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ շահերի պաշտպանությունը չի ճանաչում նեղ մասնագիտացումներ, պարոն Խաչատրյան։ Եթե որեւէ անձ դիվանագիտության մեջ բավական փորձառություն ունի եւ կարող է Հայաստանը ներկայացնել այս կամ հարաբերություններում, այդ մարդու պոտենցիալը պետք է օգտագործել։ Չպետք է ասել՝ եթե դու գնում ու Մոսկվայում բանակցում ես, չես կարող Վաշինգտոնում լինել, կամ եթե գնում ես թուրքերի հետ ես բանակցում, չես կարող անգլիացների հետ բանակցել։ Ձեր տրամաբանությունը աբսուրդային է, այն պոտենցիալը, որը կա Ազգային ժողովում, բոլորս պետք է օգտագործեք։ Եթե ինչ-որ մեկը կա ձեր մեջ, ով կարող է թուրքերի հետ լավ բանակցել, եկեք դուք էլ գնացեք բանակցեք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ