Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքը խախտվել է, եւ կառավարության որոշմամբ եկեղեցին դուրս է մնացել կրթական այդ գործընթացից»․ Թագուհի Թովմասյան

Մայիս 02,2023 12:28

Կառավարության որոշմամբ խախտվել է «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածը։ Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին որոշմանը։

Թագուհի Թովմասյանը դիմեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Ես կուզեմ խոսենք դրա իրավական կողմի մասին, որովհետեւ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ՝ մենք հրաժարվում ենք առանձին ուսումնասիրել Հայ եկեղեցու պատմությունը, որն ամենեւին քարոզչություն չէ, այլ մեր մաքառումների ու պատմության ուղիղ արտացոլանքն է։ Ես ուզում եմ հետաքրքրվել՝ ի՞նչ է լինելու իրավական առումով, որովհետեւ ձեր որոշմամբ խախտվել է «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի 8-րդ հոդվածը, որով սահմանվում է եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում։ Եվ որի առաջին մասի երկրորդ կետում նշվում է, որ եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսումնական ծրագրի եւ դասագրքի մշակմանը, դպրոցներում ներկայացնելու ուսուցիչների թեկնածությունները։ Փաստորեն՝ այս օրենքը խախտվել է, եւ կառավարության որոշմամբ եկեղեցին դուրս է մնացել կրթական այդ գործընթացից։ Ինչպե՞ս եք դուք հաղթահարել այս օրինախախտումը»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց․ «Օրենքը վերաբերում է միայն Հայ եկեղեցու պատմություն առարկային։ Երբ այդ առարկայի ծրագիր մշակելու նպատակ ունենանք, եկեղեցու իրավունքը հաշվի կառնենք։ Մենք նման առարկայի ծրագիր չենք մշակել, հետեւաբար, ձեր դիտարկումը տեղին չէ։ Իրավական տեսանկյունից մի բան եք ասում, որը գոյություն չունի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031