Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կամ իրավիճակի լրջությունը չեք հասկանում, կամ իշխանությունների հետ լատենտ խաղերի մեջ եք, կամ զբաղվում եք ինքնախաբեությամբ. Արտակ Զաքարյան

Մայիս 02,2023 12:32

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլի իշխանության հիմնական թիրախը «Հանրապետական կուսակցությունն» ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանն են: Դա հասկանալի է, որովհետև Հանրապետականն ու նրա առաջնորդը, առաջին իսկ օրվանից (2018թ. մայիս-հունիս), որպես առանցքային քաղաքական ուժերից մեկը, իրենց գործունեությամբ հանդես են եկել իրական և արմատական ընդդիմության դիրքերից` մինչև վերջին դետալը վեր հանելով ու չհանդուրժելով ազգակործան քաղաքականության որևէ դրսևորում:

Տարբեր ծագում ունեցող մի շարք «կուսակցություններ», դիրքավորվելով որպես ընդդիմություն` պարբերաբար թիրախավորում են նաև Հանրապետականին, որովհետև գուցե կարծում են, թե այդ կերպ կարող են «ինքնահաստատվել ու քաղաքական կշիռ հավաքել» ընդդիմադիր դաշտում: Նմանատիպ վարքաբանությամբ երբեմն աչքի են ընկնում նաև տարբեր անհատներ, ազնիվ մղումներով կամ անազնիվ միտումով` լարովի «վերլուծաբաններ», օպորտունիստներ, կոլաբորացիոնալիստներ, մանրածախ ու մեծածախ «գործիչներ» ու խմբավորումներ: Հանուն արդարության ասենք, որ այս շարքում կան նաև ազնիվ մղումներով քննադատողներ ու կոչեր հնչեցնողներ, որոնք հուսահատության այս ծանր իրավիճակից ելքեր փնտրելով` միգուցե մտածում են, որ Հանրապետականն այս պահին կարող է ավելին անել` քան անում է:

Վերադառնալով անազնիվ քննադատողներին պետք է նշենք, որ նեղ քաղաքական կամ օտար գլոբալ խաղերի, կամ անձնական շահերի իմաստով`իրենց բոլորին տեսնում ու հասկանում ենք: Ինչպես ասում են` առաջին օրը չենք քաղաքականության մեջ ու «շատերի կաշին դաբախանից ենք ճանաչում»: Գիտենք, թե ով ինչ է շնչում, որտեղից է սնվում, ինչի՞ համար է ստեղծվել և այլն: Բայց ոչ մի կերպ չենք կարողանում ընդունել մի հանգամանք:

Հանրապետական կուսակցությունն, անշուշտ, սրբադասման ենթակա չէ և հաստատ ունի նաև քննադատելու տեղեր: Երբ պետությունն այս օրհասական իրավիճակի հասցրած իշխանությունն է քննադատում Հանրապետականին, դա հասկանալի է, որովհետև նրանում իրական հակակշիռ ու ազդեցիկ քաղաքական բևեռ է տեսնում: ՔՊ-ն դա հաճախ անում է նաև բնազդաբար` կենսաբանական վախի ու պետության դեմ գործած դավադրությունների համար իրենց պատասխանատվության անխուսափելիության գիտակցությամբ: Բայց երբ ընդդիմադիր դաշտում գործող անհատներն ու խմբավորումներն են դա անում` առնվազն կասկածի տակ է դրվում հանուն հայրենիքի օր առաջ իշխանափոխության հասնելու նրանց կոչերը:

Հարգելի գործընկերներ, երբ մի կողմից իբրև թե «քննադատում եք», իսկ մյուս կողմից կոչեր եք անում համախմբվել, ոտքի կանգնել ու անպայման կարևորում եք Հանրապետականի ռեսուրսներն ու քաղաքական կշիռը` կողմնորոշվեք, խնդրեմ: Դուք կամ իրավիճակի լրջությունը չեք հասկանում, կամ իշխանությունների հետ լատենտ խաղերի մեջ եք, կամ զբաղվում եք սովորական ինքնախաբեությամբ:

Մեկ անգամ ևս հիշեցնեմ այն, ինչ ասվել է բազմիցս: Հանրապետականն իշխանության համար չի պայքարում, այլ անվտանգ հայրենիք ու արժանապատիվ պետություն ունենալու համար: Եվ որպես իրական ընդդիմություն ապացուցել է, որ պատրաստ է աջակցել ու սատարել բոլոր նախաձեռնություններին, որոնք փորձում են փոխել մեր երկրի կապիտուլյացիոն ընթացքն ու կապիտուլյանտ իշխանություններին:

Մնացածը գուցե անցյալի և ապագայի նկատմամբ ձեր թյուր պատկերացումներն են, բայց այս պահին ընդամենը պարապ զբաղմունք են: Լավ կլինի ձեր էներգիան ու ջանքերն ուղղեք դեպի օգտակար և արդյունավետ նպատակներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031