«Եթե միջազգային կոնֆերանս լինի, որտեղ քննարկվեն սմբակավոր կենդանիների իրավունքները, եւ, դիցուք, այդ կոնֆերանսին մասնակցի պարոն Ալեքսանյանը, հարց կառաջանա՝ ի՞նչ կապ ունի անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամը սմբակավոր կենդանիների իրավունքների հետ։ Եթե բնապահպանության հանձնաժողովից լիներ, հասկանալի էր, կասեինք՝ գնացել են՝ բեզոարյան այծ կա, հայկական մուֆլոն կա»,- Ազգային ժողովի հերթական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում է Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ մարդը, ով մասնագիտանում է հայ-թուրքական բանակցություններում, մասնակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ բանակցություններին։ «Բնական հարց է առաջանում՝ այդ ինչո՞ւ։ Դա արդյոք չի՞ նշանակում, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունները եւ թուրք-հայկական հարաբերությունները միաշաղկապվել են՝ ընկրկելով Թուրքիայի պահանջների առջեւ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց․ «Ինչի՞ համար էր այստեղից արված արտահայտությունը։ Ակնհայտ է, որ եկել եք այստեղ, ինչ-որ բան եք փորձում հրահրել, ինչ-որ արտահայտություններ եք անում, բոցաշունչ բան եք անում։ Կարո՞ղ է հույսը նրա վրա է, որ ես գամ ասեմ՝ ոչ, ես ոչ խոշոր եղջերավորների կոնֆերանսին եմ մասնակցում, ոչ ձեր ֆրակցիայի նիստերին։ Խնդրում եմ մնալ պարկեշտության սահմաններում։ Խնդրում եմ այստեղ առանձնապես շատ ագրեսիվ դերերում հանդես չգալ, որովհետեւ, ինչպես դասականը կասեր, մենք տեսել ենք հայտնի բանը»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ