ԱԺ հերթական նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց․ «Սրանով մենք, ըստ էության, առաջ ենք գնում բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում նախաձեռնված բարեփոխումներում, որոնք կառավարության ծրագրի կարեւոր թիրախ են, եւ մի քանի խնդիր ենք լուծում»։
Ըստ նախարարի՝ խնդիրներից առաջինը գիտության դաշտում վարվող վիճակագրության եւ իրականացվող քաղաքականության համապատասխանեցումն է միջազգային չափանիշներին։ Դա պայմանավորված է նաեւ ոլորտի թվայնացման գործընթացներով, եւ, ըստ այդմ, նախագծում նախատեսված են նաեւ գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգի ներդրման եւ դրա վարման կարգի հետ կապված դրույթները։ «Հաջորդ կարեւոր խնդիրը, որը լուծում ենք, դա ոլորտի ինստիտուցիոնալ փոփոխություններն առաջ տանելն է, մասնավորապես, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կազմավորումն է՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի, ինչպես նաեւ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական վարչության հիմքի վրա։ Այս փոփոխությունը նպատակ ունի միասնական քաղաքականության իրացման հենք ապահովել ոլորտում, որը մեր կարեւորագույն խնդիրներից է։ Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության, եւ գիտությունն էլ, իր հերթին, պետք է անպայման համադրված լինի եւ կապեր ունենա կրթական ծրագրերի հետ։ Եվ կարծում ենք, որ այսպիսով Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի առկայությունը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումն ու իրացումը դարձնել իրականություն։ Կարծում եմ, որ սա կլինի նաեւ լավ հիմք Բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքի ընդունման համար»,- ասաց նախարարը։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր կոմիտեն գործելու է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։ «Հաշվի առնելով, որ կոմիտեի վերակազմավորումն ունի առանցքային նշանակություն ոլորտում վարվող բարեփոխումների համար, մեր առաջարկն է եղել այս նախագիծը քննարկել արագացված ռեժիմով»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ