Լրահոս
Օրվա լրահոսը

Վաճառվող մսամթերքի ծագման հետքերով

Մայիս 02,2023 11:49

Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի մասին որոշումը կառավարությունը ընդունել էր դեռևս 2016 թվականին, սակայն ժամկետները պարբերաբար հետաձգվել էին:

Պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ օրենքում նշվում է, որ հանրապեությունում սպառման ենթակա մսամթերքը պետք է ունենա բացառապես սպանդանոցային ծագում: Դա իրենից ենթադրում է, որ վաճառակետերում առկա մսամթերքը պետք է վաճառվի 5-րդ ձև ՝ անասնաբուժական վկայականով, որում նշվում է, թե կենդանին ո՛ր մարզում է պահվել, և ո՛ր կազմակերպությունում է եղել սպանդը: Օրենքում կա մեկ բացառություն՝ բակային մորթը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ այն իրականացվում է ծիսական նպատակներով և ենթակա չէ վաճառքի:

Երբվա՞նից է ուժի մեջ մտել որոշումը

Համաձայն կառավարության որոշման՝ ՍԱՏՄ-ն հայտարարեց, որ 2020թ. հունվարի 15-ից անցնելու է պարտադիր սպանդանոցային մորթի և իրականացվելու է խիստ վերահսկողություն: Այդ պահին հանրապետության տարածքում կար ընդամենը 22 սպանդանոց, ընդ որում, Տավուշի ու Վայոց Ձորի մարզերում՝ մեկական։ ՍԱՏՄ այս հայտարարությունը բողոքի ալիք բարձրացրեց անասնապահների, ինչպես նաև մսավաճառների շրջանում: Օրեր շարունակ տեղի էին ունենում անհնազանդության ակցիաններ Կառավարության շենքի դիմաց: Այդ ժամանակահատվածում անասնապահները բողոքում էին իենց տարածաշրջանում սպանդանոցների բացակայությունից, կենդանիների տեղափոխման դժվարությունից, սպանդանոցներում սպանդի իրականացման գներից, ինչպես նաև նշում էին, որ դա կբերի մսամթերքի գնաճի:

Կենդանիների սպանդի համար սահմանված են հետևյալ արժեքները 1 խոզը՝ 5000 դրամ, 1 ոչխարը ՝ 3500 դրամ , իսկ 1 կովը ՝ 10 000 դրամ: Ինչպես նաև սպանդանոցներից նշում են, որ երեք գլուխ կենդանուց ոչ պակաս թվաքանակի դեպքում մինչև 30 կիլոմետրը տեղափոխում են անվճար:

2020 թվականի հունվարի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց պարտադիր սպանդանոցային մորթի որոշման իրականացման հետաձգման մասին՝ մինչև 2020 հուլիսի 1-ը, ինչը, սակայն, չէր վերաբերում Երևանում գործող հանրախանութներին և հանրային սննդի օբյեկտներին: Որոշումն ուժի մեջ մտավ 2020 թ. հուլիսի 1 -ից:

ՍԱՏՄ-ից նշեցին , որ սպանդանոցային մորթի ուսումնասիրման նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է նաև միջազգային փորձը, այդ թվում նաև՝ մեր հարևան երկիր Վրաստանում : Այժմ մեր երկրում առկա են 98 գրանցված սպանդանոցներ, որոնցից 7-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում: ՍԱՏՄ ից նշեցին, որ բոլոր գրանցված սպանդանոցներում առկա են անհրաժեշտ պայմաններ նախասպանդային զննման և սպանդի պատշաճ կապմակերպման համար:

2020 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. մարտի 1-ը Տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում արձանագրվել է տեղական արտադրության կենդանիների սպանդից գոյացած ոչ սպանդանոցային ծագման կենդանական ծագման մթերքի և հումքի իրացման, մատակարարման 515 վարչական իրավախախտում, որոնցից ավելի շատ խախտումներ արձանագրվել են մարզերում: Տարածված խախտումներից է նաև, երբ մսի վաճառակետերում մեկ հատ 5-րդ փաստաթղթով մի քանի կենդանու վաճառք են անում: Ոչ սպանդանոցային ծագման մսի օգտահանումը կամ ոչնչացումն իրականացվում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10- ի N1060 որոշման համաձայն: Փոքր գյուղական համայնքներում բակային մորթի սահմանափակման նպատակով Տեսչական մարմնի տեսուչները համագործակցում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ անասնաբույժների և Հայաստանի Հանրապետության ոստիկանների հետ: Ֆիզիկական անձանց կողմից պարտադիր սպանդանոցային մորթի խախտումը հանգեցնում է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով , իսկ պաշտոնատար անձանց դեպքում ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հասարակության արձագանքը և մասնագիտական տեսակետներ

Միսն առավել տարածված ու մարդու օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող մթերք է։ Սակայն կարևոր է դրանով օրգանիզմին չվնասել։ ՍԱՏՄ-ից նշեցին, որ պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու որոշումը պայմանավորված է եղել բնակչությանն անվտանգ սննդամթերք ապահովելու անհրաժեշտությամբ: Բժիշկ- սննդաբանները նշում են, որ միսը սննդամթերքի ռիսկայնության տեսանկյունից հանդիսանում է բարձր ռիսկային մթերք և ունի շատ կարևոր հանրային առողջապահական նշանակություն: Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Panorama.am -ին տված հարցազրույցում նշել է, որ սպանդանոցային մորթն այլընտրանք չունի, դրա արդյունքում լուծվելու են կենդանական ծագման մսի անվտանգության, շուկայում վաճառվող մսի հետագծելիության հարցերը։ Նրա խոսքով՝ սպանդանոցները նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը, այնտեղ մորթի դեպքում հնարավորություն կա կոնսերվացնել արժեքավոր մթերքներ, ինչպիսին է կենդանու արյունը, որն օգտագործվում է, օրինակ, արյունային երիշկեղենի, տեխնիկական սոսնձի արտադրության համար, կարելի է պահպանել աղիները՝ երշիկի, նրբերշիկի արտադրության մեջ օգտագործելու համար։

Հասարական կարծիքները հասկանալու համար անցկացրեցինք հարցում 100 հոգու շրջանում: Հարցվածների շուրջ 90%-ը մսամթերք գնելիս չի հետաքրքրվում 5 – րդ ձևի փաստաթղթի առկայությամբ: Մայրաքաղաքից դուրս, ՀՀ մարզերի գյուղական համայքներում այս խնդիրը բավականին ակնառու և արդիական է , Գեղարքունիքի մարզի համայնքներում շրջելիս տեսանելի են մայթեզրին և բակերում մորթի իրականացման շատ դեպքեր: Տնային տնտեսուհի Անետան նշում է. «Մսամթերքը միշտ նույն վաճառողից եմ գնում, երբևէ խնդիր չի առաջացել, այդ փաստաթղթի առկայությունն ինձ համար կարևոր չէ»: Գեղարքունիքի մարզի բնակիչ, անասնապահ Անդրանիկը, ով իր կենդանիների մորթն իրականացնում է իր տան բակում, նշում է. «Իմ կենդանիներին միշտ էլ բակում եմ մորթել, ու վաճառելու խնդիր էլ չեմ ունեցել, համագյուղացիներս գնում են, ես չեմ ուզում կենդանիներիս հասցնել սպանդանոց ու աշխատածիս կեսը ջուրը գցել»:

Երևանի բնակիչ Նորայրը դեմ է արտահայտվում բակային մորթին, նշում, որ թունավորում է ունեցել . «Անցած տարի էր, մի մսի վաճառման կետից միս գնեցի, վաճառողը նշեց, որ շատ լավ միս է, մարզից են բերել, կերա, թունավորվեցի, հայտնվեցի հիվանդանոցում»: Մսավաճառ Տարոնի խոսքով ՝ ոչ սպանդանոցային ծագման միսը միշտ էլ իր սպառողներն ունի. «Այդ մսամթերքը խանութներ չի էլ հասնում, տեղում իրացվում է, իսկ, օրինակ, ինձնից միս գնելիս՝ միշտ հարցնում են՝ որտեղի՞ց է միսը, թա՞րմ է, թարմ չէ»: ՍԱՏՄ- ից նշեցին, որ ոչ սպանդանոցային ծագման մսամթերքից թունավորման դեպքում, բացի տուգանքը. նաև իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթ է հարուցվում:

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031