ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը չի հստակեցրել՝ արդյոք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կշարունակվեն մի քանի օր:
«Թույլ կտամ, որ նախարարներն իրենք խոսեն իրենց գրաֆիկի մասին»,- ասել է նա:
Խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովին՝ նպաստելու նրանց միջև խաղաղության բանակցություններին:
«Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Սա մի բան է, որում նա խորապես ներգրավված է եղել: Դրանում խորապես ներգրավված է եղել նաև ավագ համակարգող Բոնոն: Եվ դա մի բան է, որին մենք կշարունակենք մեծ ուշադրություն դարձնել»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Ի պատասխան հարցին, թե ինչքանով է պետքարտուղարը վստահ, որ այս անգամ բանակցություններն արդյունք կտան` խոսնակն ասել է, որ չի ցանկանում գործընթացից առաջ անցնել:
«Միայն կասեմ, որ մենք հավատում ենք, որ երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն։ Մենք կարծում ենք, որ այստեղ առանցքայինը ուղիղ երկխոսությունն է՝ դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի հարցին, նա ասել է, որ այդ հարցը շարունակում է մնալ արդիական:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ