Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Ռուբինյանն ի՞նչ նպատակով ու կարգավիճակով է մասնակցում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին»․ Գեղամ Մանուկյանի հարցը

Մայիս 02,2023 10:21

Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։

«Երեկ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Ալեն Սիմոնյանի որոշմամբ պատվիրակության կազմում էր նաեւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է։ Հարց՝ Ռուբեն Ռուբինյանն ի՞նչ հանգամանքով, ի՞նչ նպատակով ու ի՞նչ կարգավիճակով է մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններին, արդյոք հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ են նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, և այդ երկու հարաբերությունները փոխկապակցվա՞ծ են»,- հարցրեց Գեղամ Մանուկյանը։

Ի պատասխան՝ ԱԺ նիստը վարող խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասաց․ «Պարոն Ռուբինյանը բազմիցս ձեր հարցին պատասխանել է։ Նա Հայաստանի կողմից ներկայացված է Թուրքիայի հետ բանակցելու՝ որպես անձ։ Եվ, ըստ էության, իր գործառույթներն է կատարում»։

Գեղամ Մանուկյանը հավելեց, որ անակնկալ հայտարարվեց՝ Վաշինգտոնում հանդիպում է տեղի ունենալու, հետո հայտարարվեց, որ դա բազմափուլ է լինելու, մի քանի օր շարունակ տևելու են այդ հանդիպումները։ «Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում էր ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 5-ը, ինչը նշանակում է, որ ի սկզբանե հայտնի էր, որ մի քանի օր շարունակ բանակցություններ են լինելու։ Եվ նորից պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տեղի են ունենում տարբեր ձեւաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ եւ Արցախի Հանրապետության անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդի եւ պետականությունը, եւ ազգային անվտանգությունը»,- ասաց Մանուկյանը։

«Պարոն Մանուկյան, ճիշտն ասած, զարմանում եմ, որ ձեզ համար նորություն է, որ բանակցություններ են տեղի ունենում»,- արձագանքեց Հակոբ Արշակյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031