Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ զուգակցվում են պատմական ավանդույթները, վրացական հյուրընկալությունն ու միջազգային բարձրագույն չափանիշները

Մայիս 02,2023 02:17

Անհնար է չսիրել քաղաքները, որոնք պահպանել են իրենց պատմությունը եւ դիմագիծը։ Հայաստանում այդպիսին է Գյումրին։ Վրաստանում, գոնե զբոսաշրջիկներիս համար, այդպիսին է մայրաքաղաքը՝ Թբիլիսին, որը կարծես իր բույրն ու համը ունի։

«Silk Road Group» ներդրումային խմբին պատկանող Radisson Blu Hotel՝ քաղաքի կենտրոնում գտնվող համալիրի աշխատակիցները պատմում են, որ ամանորին հյուրանոցը լեցուն է լինում հայերով։ Դե, հասկանալի է՝ Վրաստանը հայերի համար զբոսաշրջային գլխավոր ուղղություններից է՝ վիզայի խնդիր չկա, դեռ դյուրացում էլ է սպասվում, ու սահմանը կարող ես անցնել ընդամենը նույնականացման քարտով։

Բայց այս դեպքում լրացուցիչ առավելություններ էլ կան՝ գերմանական Graft ճարտարապետական ընկերության իրականացված դիզայնի շնորհիվ ՝ այս հյուրանոցի բարձր հարկերի համարներում կամ տանիքի ներքո գործող լողավազանն ու սպա ծառայությունները վայելելով՝ մտովի վերափոխում ես բանաստեղծությունը․ «Ահա Թիֆլիսն իմ ոտքի տակ, ես մեն մենակ վերեւում»։

Ու զարմանալի փաստ արձանագրեցինք․ թեեւ փորձառուները մեզ խորհուրդ են տալիս առավելագույնս ձեռնպահ մնալ հյուրանոցում գնումներից, բայց պարզվում է, որ 5 աստղանի հյուրանոցում, ասենք, ոտնահարդարման ծառայությունը կարող է լինել ավելի մատչելի, քան Երեւանի Կենտրոնի բազմաթիվ սրահներում։ Նույնը՝ նաեւ ռեստորանների պարագայում։

Քաղաքի լավագույն իտալական ռեստորաններից է Filini–ն, քաղաքի լավագույն ասիական ռեստորաններից է Umami–ն, զբոսաշրջիկների կողմից սիրված է Iveria սրճարանը․․․ ամեն խոհանոցի երկրպագու այստեղ իր քիմքը բավարարող ուտեստներ կգտնի, որոնք կարող ես վայելել բարձրաճաշակ երաժշտության ներքո։ Մեղեդիները մեղմ են հնչում, հնարավորություն ընձեռելով մարդկանց նաեւ զրուցել՝ առանց ձայնը բարձրացնելու։

Ու ռեստորաններից մեկում էլ՝ Republic–ում, կզմայլվես Թամարա Կվեսիտաձեի ստեղծած որմնանկարով։

Այդ արտիստի անունը նորից լսեցինք նույն՝ «Silk Road Group» ներդրումային խմբին պատկանող մեկ այլ հյուրանոցային համալիրի՝ Radisson Collection Hotel–ի ինտերիերի դիզայնի առնչությամբ։

2008 թվականից սկսյալ՝ «Silk Road Group» ներդրումային խմբի հիմնադիր Գեւորգի Ռամիշվիլին, Երկին Թաթիշեւի գործընկերությամբ, օգնեց վերականգնել ԽՍՀՄ փլուզումից հետո ավերակ դարձած Ցինանդալի կալվածքը՝ վերադարձնելով դրան իր երբեմնի փայլը։

Տեղն է պատմական մի փոքրիկ անդրադարձ կատարելու։

Վրացական ռոմանտիզմի հիմնադիր՝ բանաստեղծ, թարգմանիչ, զորավար, իշխան Ալեքսանդր Ճավճավաձեն հորից ժառանգություն էր ստացել Ցինանդալի կալվածքը, որը նա վերածեց Վրաստանի մշակութա–մտավորական կենտրոնի։ Ալեքսանդր Ճավճավաձեի ամառանոցում ժամանակին հյուրընկալվել են Ալեքսանդր Պուշկինը, Ալեքսանդր Դյուման․․․

Ի դեպ, Ալեքսանդր Ճավճավաձեն 1828-1829 թվականներին եղել է նորաստեղծ Հայկական մարզի վարչության պետ։ Օժանդակել է պարսկահայերի 1828-1829 թվականների գաղթի կազմակերպմանն ու նրանց բնակեցմանը։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նրա հրամանատարությամբ գործող ռուսական զորքերի փոքրաթիվ ջոկատը ազատագրել է Բայազետը, Ալաշկերտը։ Նահանջող ռուս զորքերի հետ` նա Մուշի գավառից հարյուրավոր հայ ընտանիքներ գաղթեցրել ու բնակեցրել է Ալաշկերտի հովտում և Հայկական մարզում։ Ալեքսանդր Ճավճավաձեն սերտ կապեր է պահպանել հայ ռազմական, մշակութային, հոգևոր ու հասարակական գործիչների հետ։ Նրա թիֆլիսյան տանը հավաքվում էին վրացի, ռուս և հայ գրողներ, հասարակական գործիչներ, այդ թվում՝ Ալեքսանդր Գրիբոյեդովը, որն ամուսնացավ նրա դստեր՝ Նինայի հետ։

Սա սիրո մի գեղեցիկ պատմություն է։ Նինան դեռ վաղ տարիքում արդեն գեղեցկուհի էր։ Գրիբոյեդովը հաճախ էր այցելում իշխան Ճավճավաձեին ու երաժշտության դասեր տալիս նրա դստերը․․․ Ամուսնացան, երբ Գրիբոյեդովը 33 տարեկան էր, Նինան՝ 15։ Հազիվ մի քանի շաբաթ տեւեց այդ ամուսնությունը՝ Գրիբեյեդովին Թեհրանում գազանաբար սպանեցին, ու 16 տարեկանից այրի մնացած Նինան մինչ մահը հավատարիմ մնաց ամուսնուն՝ դառնալով լեգենդ, որին անվանում էին «Թիֆլիսի սեւ վարդ»։

Հիմա Ցինանդալի կալվածքի հսկայական այգում, որտեղ առաջին անգամ հանդիպել էին Նինան եւ Ալեքսանդրը՝ «սիրո արահետ» կա․ լեգենդի համաձայն՝ եթե զույգը փակ աչքերով անցնի այդ արահետով, նրանք երջանիկ կլինեն։

Այս այգին իրոք հրաշք է։ Ասում են, թե Ճավճավաձեն եվրոպացի այգեգործների էր ներգրավել այն ստեղծելու համար։ Իշխանը հրաշալի համադրում էր իսկական վրացու ոգին՝ ստացած եվրոպական փայլուն կրթության հետ։

Եվ այդ ավանդույթները կարծես շարունակվում են մինչ օրս։ Դժվար էր պատկերացնել, որ Կախեթի գինեգործական երկրամասում, «Միմինոյից» մեզ լավ հայտնի Թելավիից քիչ հեռու՝ կարող է հաջողությամբ գործել բարձրակարգ 5- աստղանի հյուրանոց, բայց ահա՝ Radisson Collection Hotel–ը համադրում է ավանդական ճարտարապետությունն ու միջազգային որակի սպասարկումը։

Մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրում է արվել այստեղ։ Բացօթյա լողավազանից տեսարանը Կովկասյան լեռնաշղթան է։ Սրահները միջնադարյան ու հեքիաթային տեսք ունեն։

Ասենք՝ մեկը կարծես Հարի Փոթերի մասին ֆիլմաշարից լիներ։

Այստեղ զբոսաշրջիկների համար վրացական խոհանոցի վարպետության դասեր են անցկացվում։

Ու ինչ որ պահից սեղանների շուրջ անպայման սկսում են երգել։

Ցինանդալին ոչ միայն տուն թանգարանն ու այգին է, հյուրանոցներն ու ռեստորանները, այլ նաեւ գինու գործարանը։

Վերականգնվել են խաղողի այգիները։

Այս մառանում պահպանվում է Վրաստանի հնագույն գինու շիշը՝ «Սապերավին», որը շշալցվել է 1814–ին։ Այստեղ պահպանվում է Ճավճավաձեի գինիների հավաքածուն՝ ավելի քան 15 հազար շիշ։

Եվ ամենակարեւորը․ Ցինանդալին այժմ էլ նշանակալի դեր ունի Վրաստանի մշակութային կյանքում․ այս համալիրում անցկացվում են ցուցահանդեսներ, համերգներ․․

Ու թեեւ Թիֆլիսի փողոցները լեցուն են հակառուսական գրաֆիտիներով ու ուկրաինական գրառումներով՝ այստեղ, Ցինանդալիում ռուս եւ ուկրաինացի, ի դեպ՝ նաեւ հայ ու թուրք երաժիշտները միասին են հանդես գալիս Համակովկասյան երիտասարդական նվագախմբում եւ ամենամյա փառատոնում։ Հակամարտություններով լի տարածաշրջանում այս կալվածքը՝ իր երաժշտական փառատոնով բնութագրում են իբրեւ օազիս, որտեղ մարդիկ համախմբվում են։

Լուսանկարները` Silk Hospitality

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031