Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երբ դու փոքրամասնություն ես…

Մայիս 02,2023 10:00

Մարդիկ, ընդհանուր առմամբ հակված են գտնվելու մեծամասնության մեջ: Այդպես համեմատաբար ավելի հարմարավետ է եւ անվտանգ: Դա նորմալ է, եւ ոչ միշտ՝ դատապարտելի: Եթե մենք բոլոր հարցերում լինեինք նոնկոնֆորմիստ, հակադրվեինք հասարակությանն, ապա փողոցներում կվխտային սոցիոպատները, ասենք՝ մարդասպանները կամ ավազակները: Եվ կյանքը կդառնար անտանելի:

Բայց հնարավոր չէ նաեւ բոլոր հարցերում լինել մեծամասնության մեջ: Այստեղ կարեւոր է երկու բան՝ նախ չվախենալ հայտնվել փոքրամասնության մեջ, եւ երկրորդ՝ անկախ նրանից, թե որ խմբին ես դու պատկանում, չթշնամանալ հակառակ խմբի հետ:

Ես, օրինակ, հայերի մեծամասնության նման Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ: Բայց դա ինձ չի խանգարում պատշաճ հարգանք ունենալ բոլոր այլ դավանանքների հանդեպ, եթե դրանք վտանգավոր չեն մարդկանց հոգեկան եւ ֆիզիկական առողջության համար:

Շատ հարցերում ես փոքրամասնության մեջ եմ: Օրինակ, ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի փրկիչ է: Ես, հակառակը, համոզված եմ, որ նրա ղեկավարության հինգ տարիներն աղետաբեր էին մեր պետության համար: Բայց դա չի նշանակում, որ այս իշխանության բոլոր կողմնակիցներին համարում եմ հիմար եւ տգետ: Մոլորության մեջ կարող են լինել նաեւ շատ խելացի եւ բազմակողմանիորեն զարգացած մարդիկ: Ես պատրաստ եմ նրանց լսել եւ հարթակ տրամադրել:

Ես կարծում եմ, որ ոստիկանական գնդի վրա հարձակվելն ու մարդ սպանելը խիստ դատապարտելի վարքագիծ է: Բայց հայաստանցիների մեծամասնությունն այլ կարծիքի է: Համենայնդեպս՝ 2016 թ. ամռանը նրանք դա հերոսություն էին համարում: Այստեղից չի բխում, որ այդ բռնության կողմնակիցները բոլորը դաժան եւ արնախում մարդիկ են: Քաղաքական հայացքները կամ ատելությունն իշխանության հանդեպ կարող են կուրացնել նաեւ բարի մարդկանց:

Իրավիճակները, երբ ես փոքրամասնության մեջ եմ հայտնվում, շատ ավելի բազմաթիվ են, քան՝ հակառակ դեպքերը: Բայց դրա մեջ ես ողբերգություն չեմ տեսնում, ընդհանրապես՝ որեւէ անհարմարություն չեմ զգում:

Ավարտեմ Սերգեյ Դովլաթովի խոսքերով, որոնք առնչվում են ազգային հարցին, սակայն այդ միտքը կարելի է տարածել մարդկանց ցանկացած տարբերությունների վրա. «Իր ազգային ծագման համար մարդուն ատելը ռասիզմ է: Դրա հիմքով սիրելը նույնպես ռասիզմ է: Եղիր հրեա: Եղիր ռուս: Եղիր վրացի: Եղիր այնպիսին, ինչպիսին քեզ զգում ես: Բայց բացի դրանից՝ եղիր էլի ինչ-որ մի բան: Օրինակ՝ պարկեշտ, բարի, աշխատասեր մարդ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Աշակերտները մեծամասնություն են, իսկ ուսուցիչները՝ փոքրամասնություն, աշակերտները կարծում են, թե արեւն է երկրի շուրջ պտտվում, բայց ուսուցիչը այդ աշակերտների համար հեղինակություն է եւ չնայած որ ակնհայտ է, որ արեւն է պտտվում երկրի շուրջ, նրանք հավատում են ուսուցչի խոսքին եւ ընդունում, որ երկիրն է պտտվում արեւի շուրջը: Հետեւություն՝ ուսուցիչները պետք է ձգտեն մտնել աշակերտների հետ մեծամասնության մեջ, բայց ոչ թե ընդունելով մեծամասնության կարծիքը, թե արեւն է երկրի շուրջ պտտվում , այլ աշակերտները պետք է հարգելով ուսուցչին ընդունեն ուսուցչի կարծիքը եւ այդ կրթված մեծամասնությունը թող գնա ընտրություններին եւ ընտրի այն թեկնածուին, ով կասի, որ երկիրն է պտտվում արեւի շուրջ եւ ոչ թե այն թեկնածուին, ով պոպուլիստորեն կասի՝ դե տեսնում եք չէ՞, որ արեւն է պտտվում երկրի շուրջ, ուրեմն ինձ ընտրեք: Ուսուցչի ռազմաճակատը՝ դա քաղաքացու հարգանքը վայելելն է եւ նրան կրթել դաստիարակելն է, որ մեր քաղաքացին ճիշտ ընտրություն կատարի: Եթե ես գամ իշխանության 🙂 , պետական ծառայողներից ամենաբարձր աշխատավարձը դարձնելու եմ ուսուցիչների աշխատավարձը՝ լինի դա դպրոցում, մանկապարտեզում, բանակում թե համալսարաններում: Բայց մենակ հարգված ուսուցիչների: Դա էլ թող աշակերտները որոշեն իրենց քննությունների գնահատականներով: Հարգված ուսուցիչներ եւ կրթված մեծամասնություն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031