Լրահոս
Օրվա լրահոսը

Վահանաձև գեղձի հետվիրահատական բարդություններ․ ներզատաբան Մարիամ Հայրապետյանը՝ այդ խնդիրների բուժման մեթոդների մասին

Մայիս 02,2023 09:30

Հայաստանում վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները շատ տարածված են․ տարածված են նաև վիրահատական միջամտությունները, և ինչպես ցանկացած վիրահատության ժամանակ, այդ դեպքերում էլ երբեմն կարող են առաջանալ հետվիրահատական բարդություններ։ Այդ թեմայի շուրջ զրուցել ենք բժիշկ-ներզատաբան Մարիամ Հայրապետյանի հետ։ 

Վահանաձև գեղձի հետվիրահատական ի՞նչ բարդություններ են լինում։

Որպես ներզատաբան՝ առաջին հերթին կխոսեմ էնդոկրին-մետաբոլիկ բարդությունների մասին։ Դրանցից առավել հաճախ հանդիպում է հետվիրահատական հիպոպարաթիրեոզը, երբ խանգարվում է հարվահանաձև գեղձերի աշխատանքը։ Հարվահանաձև գեղձերը սովորաբար 2 զույգ օրգաններ են, որոնք տեղակայված են վահանաձև գեղձի հետին մակերեսին՝ վերին և ստորին բևեռներում։ Հիմնական հորմոնը, որն արտադրում են, պարատ հորմոնն է, որը պատասխանատու է արյան մեջ կալցիումի և ֆոսֆորի մակարդակի կարգավորման համար՝ վիտամին D-ի և կալցիտոնինի հետ միասին։

Հետվիրահատական այս բարդությունը, սովորաբար, զարգանում է վահանաձև գեղձի ամբողջությամբ հեռացման դեպքում՝ պայմանավորված հիմնականում վահանաձև գեղձի քաղցկեղով կամ հարվահանաձև գեղձերի վրա կատարվող վիրահատությունների առնչությամբ։ Ընդ որում, այս խանգարումը կարող է լինել անցողիկ բնույթի՝ տևելով մի քանի շաբաթից մինչև 6 ամիս և կարող է ստանալ մշտական բնույթ՝ անդառնալի փոփոխությունների հետևանքով։

Ինչպե՞ս է դրսևորվում այդ խանգարումը։

Կլինիկական երևույթները պայմանավորված են հիպոկալցեմիայի՝ արյան մեջ կալցիումի մակարդակի իջեցմամբ։ Դրանք կարող են արտահայտվել թեթև ախտանշաններով, պարէսթետիկ երևույթներով՝ թմրածություն, ծակծկոց՝ հատկապես վերջույթներում, մկանային կծկումներ, այդ թվում՝ բերանի շուրջ գտնվող մկանների, ձեռքի մկանների ջղակծկումներ, իսկ ծանր դեպքերում կարող են առաջանալ ցնցումներ և այլն։

Խրոնիկ հիպոպարաթիրեոզ․ ախտորոշում

Բուժման ի՞նչ մեթոդներ են կիրառվում։

Նախ նշենք, որ բարդության կանխարգելման համար շատ կարևոր է մինչև վիրահատության գնալը կարգավորել օրգանիզմում կալցիումի և վիտամին D-ի մակարդակը։

Բուժումը կատարվում է ակտիվ վիտամին D-ի օգնությամբ և կալցիումով՝ սննդի և հավելումների միջոցով։ Ծանր դեպքերում կալցիումը օրգանիզմ է ներմուծվում ներերակային ճանապարհով։ Ներկայումս օգտագործվում է նաև ռեկոմբինատ մարդկային պարաթիրեոիդ հորմոն, որը, ցավոք, դեռ հասանելի չէ Հայաստանում։ Ըստ ուղեցույցների՝ այն օգտագործվում է այն հիվանդների դեպքում, որոնց մոտ չի հաջողվել հասնել բուժման նորմալ արդյունքների՝ ակտիվ վիտամին D-ի և կալցիումի օգնությամբ, և տվյալ պարագայում օգուտը գերազանցում է պոտենցիալ վտանգի ռիսկերը։ Այդ դեղորայքի անվտանգությունն ու արդյունավետությունը երեխաների պարագայում դեռևս լիարժեք ուսումնասիրված ու հաստատված չէ։ Իսկ հղիների դեպքում այն օգտագործվում է, եթե կրկին օգուտն ավելի մեծ է, քան հնարավոր վնասը։
Բուժման արդյունքում պետք է հետևել հիվանդին, քանի որ հնարավոր են բարդություններ երիկամային քարերի ձևավորման, երիկամների գործառույթի խանգարումների, նաև հոգենյարդաբանական խանգարումների տեսքով։

Հնարավոր այլ բարդություններ․․․

Այլ բարդություններից է թիրեոտոքսիկ կրիզի զարգացումը, երբ տեղի է ունենում մեծ քանակությամբ վահանաձև գեղձի հորմոնների արտազատում արյան մեջ։ Դա ավելի հաճախ լինում է դիֆուզ տոքսիկ խպիպի վիրահատության ժամանակ, սակայն նախավիրահատական ադեկվատ նախապատրաստության շնորհիվ գործնականում այդ բարդությանը չենք հանդիպում։ Բարդությունը հիմնականում զարգանում է հենց վիրահատության ընթացքում կամ վիրահատությունից հետո 18 ժամվա ընթացքում։ Կլինիկական երևույթներն են՝ հաճախասրտություն, տենդ, սրտխառնոց, փսխում, տագնապային վիճակ, անհանգստություն, վարքի խանգարում ընդհուպ մինչև կոմա։

Վահանաձև գեղձի վիրահատության ամենածանր բարդություններից է հանդիսանում կոկորդային հետադարձ նյարդերի վնասումը, որը դրսևորվում է ձայնի խանգարմամբ, կլման և շնչելու դժվարությամբ։ Դա կարող է լինել անցողիկ բնույթի, որը հիմնականում տևում է 6 շաբաթ, սակայն եթե պահպանվում է 6-12 ամիս՝ համարվում է կայուն բնույթի վնասում։ Սակայն նշենք, որ վիրահատությունների ժամանակ ժամանակակից նեյրոմոնիթորինգի տեխնոլոգիաների շնորհիվ այս բարդությանը հիմնականում չեն հանդիպում։

Վաղ բարդություններից է ավշային համակարգի վնասումը․ ինչպես գիտենք, վահանաձև գեղձի քաղցկեղի վիրահատության ժամանակ հաճախ նաև ավշային հանգույցների հեռացում է կատարվում, որը կարող է բերել լիմֆատիկ անոթների վնասման։
Վաղ հետվիրահատական շրջանի բարդություններից է նաև արյունահոսությունը, վերքի ինֆեկցիան։

Այս ամենի մեջ դրական է այն, որ արհեստավարժ բժիշկների թիմային և համակարգված աշխատանքի շնորհիվ հետվիրահատական բարդությունների զարգացման հավանականությունը նվազագույն է, իսկ հետվիրահատական շրջանի ընթացքը՝ հարթ ու բարենպաստ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031