Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովո՛ւրդ ջան, էդ հնդկական զենքերը չեն լինելու ոչ թե, որ փողերը հնդիկների հետ կերել ենք, այլ որովհետև ռուսները չեն թողնում. Վահագն Մխոյան

Մայիս 01,2023 23:44

«Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխումը Հայաստան»։ Այս մասին ապրիլի 30-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Ադրբեջանը Լաչինի միջանցքում է ՌԴ թուլությամբ, թե՞ համաձայնությամբ» հանրային քննարկման ժամանակ հայտարարել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Բլոգեր Վահագն Մխոյանը, որը հաճախ անդրադառնում է անվտանգության ու քաղաքական հարցերի, նախկին պատգամավորի այդ տարածած այդ տեղեկատվությանը թերհավատորեն է մոտենում: Ըստ նրա՝ դեռ անցած տարի աշնանը, երբ այդ տեղեկությունները հայտնվեցին լրահոսում, զենքի առևտրին հետևող մարդկանց մտքում մեծ թվով հարցականներ հայտնվեցին. «Ոչ թե որովհետև հնդկական զենքը վատն է, այլ որովհետև զենքի շուկայում Հնդկաստանը և որպես գնորդ, և որպես վաճառող խիստ որոշակի համբավ ունի՝ չկատարվող, ձգձգվող պայմանագրեր ու կոռուպցիա։ Հավատացեք հնդկական ՊՆ-ն ու ռազմաարդյունաբերությունը կարողանում էին ապշեցնել նույնիսկ կոռուպցիայի դոկտոր, պրոֆեսորներին ու ակադեմիկոսներին։ Հակառուսականությունը այս հարցում երկրորդական է:

Հիմա ռուսների գրպանը չգցեին, ընդդիմության գրպանը  գցեին։ Էականը կոռուպցիոն ռիսկերն են Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում։ Ու հիմա այդ մտահոգությունները էլ ավելի են սրվում, երբ սկսում են ակնարկներ պտտվել, թե զենքը չենք կարողանում բերել: ՔՊ-ական նախկին մի պատգամավորի բերանով իշխանությունն իր քարոզչական հիմնական բարձրախոսների միջոցով ասում է, թե ժողովուրդ ջան, էդ հնդկական զենքերը մի տեսակ չեն լինելու, բայց ոչ թե որովհետև փողերը հնդիկների հետ կերել ենք, այլ որովհետև ռուսները չեն թողնում։ Մի խոսքով, հնդիկներին տված էդ մի քանի հարյուր միլիոն դոլարին կարաք ձեռքով հրաժեշտ անեք, դրանք էլ չեք տեսնի։ Ի դեպ, նախադեպեր կան, երբ հենց Հնդկաստանում բազմիցս փորձել են հաշվել, թե ուր են չքացել բառացիորեն միլիարդավոր դոլարներ այս կամ այն գործարքից ու հետքերն անգամ չեն»։

Մեր զրուցակցի խոսքով, ՀՀ իշխանությունները լավ էլ իմացել են Հնդկաստանից զենք գնելու բոլոր ռիսկերի մասին, բայց այդ քայլին գնացել են, որովհետեւ փողերի լվացման հնարավորություն էր:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանին հայտնի չէ Ռուսաստանի կողմից հնդկական զենքի մատակարարմանը խոչընդոտելու վերաբերյալ որեւէ տեղեկատվություն. «Ինձ այդպիսի տեղեկություն հայտնի չէ, մանավանդ, որ հնդկական կողմը պարբերաբար ուղղակի  տեղեկացնում է, որ գործարքը տեղի է  ունեցել: Հիմա թե այդ սպառազինությունները հասել են, թե չեն հասել, Իրանն է խոչընդոտել, թե Ռուսաստանը, չեմ կարող ասել:

Բայց նկատի ունենալով, որ Ռուսաստանը ավանդաբար խանդով է վերաբերվել, որ ՀՀ-ն կողմնորոշվի սպառազինությունների այլ մատակարարների, չեմ կարող դա բացառել: Որովհետեւ հիշում եմ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո այն ժամանակվա ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը գնաց Չինաստան եւ խոսք էր գնում Չինաստանից գնումներ կատարելու մասին, ես կարող եմ հիշել, թե որքան նյարդային արձագանքեց Ռուսաստանը ՏԱՍՍ գործակալության մակարդակով… հնդկական կողմը վստահաբար հայտնել էր, որ խմբաքանակը, որի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, այս տարվա սեպտեմբերի դրությամբ  մատակարարված պետք է լինի Հայաստանին: Ենթադրում եմ, որ եթե այս կարգի տեղեկություններ են հայտնվում, կարծում եմ՝ ուրեմն խնդիր կա: Քանի որ մոտենում է սեպտեմբերը, իսկ այդ սպառազինություններն արդեն մատակարարված պետք է լինեին ՀՀ-ին, երեք ամիս է մնացել սեպտեմբերին,: Ուշագրավ է, որ ընտրվում է ՌԴ-ի անունը, ինչը օբյեկտիվ բացատրություն ունի»։

Ինչ վերաբերում է Հնդկաստանի հայտնի համբավին՝ կոռուպցիոն գործարքների, պայմանագրերը ձգձգելու ու չկատարելու մասով, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Առաջին անգամ եմ նման բան լսում: Չեմ կարող հերքել կամ հաստատել»:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 29-ին հնդկական The Economic Times օրաթերթը հաղորդել էր, որ Հնդկաստանը մեծ քանակությամբ հրթիռներ, ռեակտիվ համակարգեր և զինամթերք կմատակարարի Հայաստանին: Նշվում էր, որ Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունները զենք-զինամթերք մատակարարելու մասին մի շարք պայմանագրեր են ստորագրել սեպտեմբերի սկզբին: Ըստ հնդկական օրաթերթի՝ ստորագրված գործարքների արժեքը կազմում է ավելի քան 20 մլրդ հնդկական ռուփի կամ՝ մոտ 244 մլն ԱՄՆ դոլար: Հնդկական India Today հեռուստաալիքը իր հերթին հաղորդել էր, որ Հնդկաստանը մոտ 260 մլն ԱՄՆ դոլարին համարժեք զենք և զինամթերք է վաճառել Հայաստանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031