Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Միքայելյան․ «Պետական հատվածում աշխատավարձը նվազել է, իսկ միջին աշխատավարձի բարձրացումը ՏՏ-ում ռելոկանտների հոսքով է պայմանավորված»

Մայիս 01,2023 22:50

Միջին աշխատավարձի բարձրացմամբ Փաշինյանն առանձնապես գլուխ գովելու տեղ չունի, եւ կառավարության քաղաքականությունից անկախ տեղի ունեցող գործընթացները պետք չէ ներկայացնել, որպես կառավարության ձեռքբերում։ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխատավարձի եւ գնաճի ցուցանիշների համեմատությանը։

Կառավարության ապրիլի 27-ի նիստում Փաշինյանը ներկայացրել է որոշ ցուցանիշներ․«․․․մարտը մարտի նկատմամբ մեր 12-ամսյա գնաճը կազմել է 5.4%, իսկ միջին աշխատավարձի աճը՝ 23,9%: Հունվար-մարտ գնաճը կազմել է 7.2%, իսկ միայն փետրվարին մենք աշխատավարձի աճ ենք ունեցել 13.5%, ինչը շատ կարեւոր է։ Ուզում եմ ընդգծել, որ սա առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց շնորհիվ է»։
Ըստ էության, Փաշինյանն այս ցուցանիշների համեմատությամբ, ընդգծում է, որ մեր երկրում միջին աշխատավարձն ավելի է աճել, քան գնաճը։

Վարչապետի ներկայացրած ցուցանիշները տնտեսագետ Հրանտ Միքայելյանը խնդրահարույց է համարեց։ Նաեւ նշեց՝ աշխատավարձի աճի վերաբերյալ դեռ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել․«Կա փետրվարի ցուցանիշը, որը 21% է։ Այո, տեսականորեն կարելի է ենթադրել, որ մարտին միջին աշխատավարձի աճը 23.9% կլինի։ Փաշինյանը հաճախ, մինչեւ օրինակ վիճակագրական կոմիտեի հրապարակումները, որեւէ կառույցից, ասենք՝ ՊԵԿ-ի տված ցուցանիշներն է ներկայացնում»։

Մարտին գնաճը 5.4% է կազմել, սա ըստ տնտեսագետի, պայմանավորված է նրանով, որ անցած տարվա մարտին գնաճը բարձր էր՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով եւ պարենի շուկայում համաշխարհային գների միտումներով։

«Չպետք է առանձին-առանձին թվեր վերցնել ու դրանք ներկայացնել որպես դրական միտում։ Սա սխալ է։ Պետք է ընդհանուր իրավիճակը գնահատել։ Օրինակ՝ Ռուսաստանից ռելոկացիան բերեց նաեւ ՏՏ ոլորտում զբաղվածների թվի աճ, իսկ դա բարձրացրեց երկրում միջին աշխատավարձի չափը։ Այսինքն՝ ՏՏ-ում աշխատավարձի աճն ազդել է ընդհանուր միջին աշխատավարձի աճի վրա, ոչ թե օրինակ՝ մեր երկրում աշխատողների միջին աշխատավարձն է բարձրացել։ Ընդ որում, խոսքը հիմնականում մասնավոր հատվածի մասին է, ոչ թե՝ պետական»,-ասաց տնտեսագետը։

Վիճակագրական տվյալները ներկայացնելով, Միքայելյանը նշեց՝ այս տարվա փետրվարին միջին աշխատավարձն աճել է 21.1%, պետական հատվածինը՝ 7.2%,, հունվարին` 9.7%, փետրվարին գնաճը կազմել է 8.1%․« Այսինքն՝ պետական հատվածում իրական աշխատավարձը նվազել է։ Այն, որ մասնավոր հատվածում տեղի է ունեցել աշխատավարձերի աճ, որ ՌԴ-ից ռելոկացիա է տեղի ունեցել դեպի Հայաստան, որ ՀՀ-ով որոշակի ֆինանսական հոսքեր կան, եւ որ կառավարությունից անկախ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, չեմ կարծում, որ Փաշինյանը դրանով պետք է գլուխ գովի»։

Անդրադառնալով գնաճի ցուցանիշին, Միքայելյանը ուշագրավ ցուցանիշներ ներկայացրեց, որոնք Փաշինյանը կառավարության նիստերում հաստատ չի ներկայացնում։

Տնտեսագետը ուսումնասիրություն է կատարել եւ պարզել գնաճի իրական ցուցանիշը ունեւորների եւ աղքատների համար․ «Պետք է հաշվի առնել, որ գնաճը հիմնականում հաշվարկվում է քաղաքներում, աշխատավարձն՝ ինչ-որ չափով նաեւ գյուղերում, եւ սա իրական պատկերը ցույց չի տալիս։ Պետք է հաշվի առնել, որ գնաճը միջինացված է, բայց միջինը միշտ շեղում ունի դեպի ավելի բարձր եկամուտ ունեցողները։ Երբ հաշվարկեցի, պարզվեց, որ աղքատների ու հարուստների համար տարեկան գնաճը 2002-2021 թվականներին միջինում 0.4%-ով տարբերվում է՝ հօգուտ հարուստների։ Այսինքն, ունեւորների համար գնաճն ավելի ցածր է եղել, քան աղքատների։ Ըստ այդմ՝ ունեւորների համար ամեն տարի մոտ 0.2%-ով ցածր է, աղքատների համար ավելի բարձր՝ եթե մարտը մ արտի նկատմամբ 5.4% է գնաճը, ապա աղքատների համար միջինում 5.6% կլինի իրականում»։

Տնտեսագետն ընդհանուր գնաճի նվազման վերաբերյալ էլ նկատեց՝ պետք է հասկանալ, թե ինչի հաշվին է նվազել, օրինակ՝ գուցե մարդիկ թանկարժեք ապրանք չեն գնում, քիչ մարդիկ են գնում, ինչը միջին գնաճի նվազման վրա է ազդում․«Նույնը աշխատավարձերի պարագայում է, ոչ բոլորի աշխատավարձն է աճել, իրական աշխատավարձի նվազում ունենք»։

Միքայելյանի խոսքով՝ նախկին եւ ներկա կառավարությունների քաղաքականությունը չի նպաստել հավասարության բարելավման, հակառակը՝ նպաստել է անհավասարությանը, կամ եթե անհավասարությունը, խզվածքը եթե չաճի, ապա չի էլ նվազի․«Օրինակ՝ եկամտահարկի վերադարձը՝ հիփոթեքի դեպքում, կենսաթոշակային բարեփոխումը, որը անհավասարություն խրոնիկ է դարձնելու, եկամտահարկի համահարթեցումը, որով, իրականում որքան բարձր է եկամուտն, այնքան քիչ են վճարում՝սա հարկային բեռը ունեւորներից տեղափոխում է դեպի աղքատներ։ Անհավասարության լուրջ խնդիրներ ունենք, պետական քաղաքականության խնդիր կա, եւ ուստի կառավարությունն առանձնապես գովելու տեղ չունի»։

Տնտեսական աճին անդրադառնալով, Միքայելյանն ասաց՝ հիմա տնտեսությունը գերտաքացած է, կուտակվել է ճգնաժամի պոտենցիալ․«Դա այնքան մեծ չէ, բայց ամեն ամիս աճում է, հատկապես որքան աճում է դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ, այդքան աճում է ճգնաժամի պոտենցիալը»։

Նշենք, որ տնտեսական ակտիվությունն այս տարվա մարտը նախորդ տարվա մարտի նկատմամբ կազմել է 14%։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031