Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կբերի Արարատ Միրզոյանը Վաշինգտոնից

Մայիս 01,2023 22:20

Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Մայիսի 2-6-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը աշխատանքային այցով գտնվելու էր ԱՄՆ-ում՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Վաշինգտոնում նախատեսված են Արարատ Միրզոյանի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։ Տեղի կունենան նաև հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը ելույթ կունենա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Վաշինգտոնում նախատեսված են Արարատ Միրզոյանի հանդիպումները ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ: Այդ բանակցությունների խոսակցության թեման լինելու է, այսպես կոչված, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը:

Նախ, տեղի է ունեցել Բլինքեն-Բայրամով հանդիպումը, ապա հանդիպել են ամերիկացի պաշտոնյան եւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, եռակողմ հանդիպումն արդեն ավարտվել է: Ըստ որոշ արտահոսքերի, հանդիպումներն ու բանակցություններն ԱՄՆ-ում տեւելու են մի քանի օր:

Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ամերիկյան բանակցություններից սպասելիքներին եւ պատասխանելով հարցին՝ ՄԱԿ-ում Հայաստանի այսօրվա քվեարկությունը, որով, ըստ էության, ՌԴ-ն հայտարարվում է ագրեսոր պետություն, որոշակի պատկեր ձեւավորո՞ւմ է՝ ՀՀ-ի ակնկալիքների մասով, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն ասաց. «Այս հանդիպումները եւ բանակցությունները պետք է դիտարկել մի քանի հարթությունում. առաջինը, ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, նաեւ մեր տարածաշրջանում Արեւմուտք-ՌԴ մրցակցության ֆոնին, կարծես թե ԱՄՆ-ին հաջողվում է ՌԴ-ի հետ մրցակցության պայմաններում, իր ձեռքը վերցնել կարգավորման բանակցությունների ղեկը եւ կազմակերպել հանդիպում՝ Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված:

Եթե դիտարկում ենք այս տեսանկյունից, ապա մի փոքր բարդ է ակնկալել, որ ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, ԱՄՆ-ին կհաջողվի առավելագույն արդյունավետություն արձանագրել՝ հասնելու փաստաթղթի ստորագրման, որովհետեւ, ակնհայտ է, որ ՌԴ-ն փորձելու է ամեն կերպ խոչընդոտել ամերիկյան կամ արեւմտյան ձեւաչափում Խաղաղության պայմանագրի ստորագրումը, գործընթացը գուցե դրան չհասնի էլ, կամ տորպեդահարել այն պայմանավորվածությունները, որոնք կարող են ձեռք բերվել վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում»:

Արմեն Պետրոսյան

Այն, որ վաշինգտոնյան բանակցությունները տեւելու են մի քանի օր, փորձագետը նորմալ է գնահատում՝ նման բարդ հակամարտությունների կարգավորման պրակտիկայում, քանի որ բանակցությունների տարբեր փուլերով հնարավորություն է ընձեռվում շրջանակային փաստաթուղթ ստորագրել: «Այնուամենայնիվ, չի բացառվում, որ որեւէ համաձայնություն կլինի, բայց դրա զարգացման հնարավորությունները՝ բուն պայմանագրի ստորագրման տեքստի մասով, քիչ հավանական է, որ իրականություն դառնան, որովհետեւ ՌԴ-ն փորձելու է խոչընդոտել այդ ձեւաչափում պայմանագրի ստորագրումը»,- վստահ է մեր զրուցակիցը:

Ըստ փորձագետի, եթե Հայաստանի դեպքում, ինչպես բազմիցս է ՀՀ իշխանության կողմից հայտարարվել, որ պատրաստ են ստորագրելու փաստաթուղթ, եթե լինեն ընդունելի պայմանավորվածություններ եւ, որ շատ կարեւոր է՝ երաշխավորության ինստիտուտ, ապա Ադրբեջանի դեպքում մի փոքր բարդ է. «Նախ՝ Ադրբեջանը աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ներկա փոփոխությունների իրավիճակում, տեսնում է շատ ավելի լայն հնարավորություններ՝ Հայաստանից միակողմանի զիջումների արդյունքում շատ ավելին ստանալու, ուստի, բարդ է կանխատեսել, որ Ադրբեջանը կկարողանա սահմանափակել իր հնարավորությունները որեւէ փաստաթղթով: Բայց, միեւնույն ժամանակ, կա որոշակի իրավիճակային նպաստավոր պայման՝ պայմանավորված Թուրքիայում սպասվող համապետական ընտրություններով, որը ստիպելու է Ադրբեջանին՝ Վաշինգտոնում դրսեւորել որոշակի կառուցողական մոտեցում, քանի դեռ Թուրքիայի ընտրությունների արդյունքները պարզ չեն:

Ադրբեջանի համար որոշակի բարդություն կարող է ստեղծվել, եթե Թուրքիայում չհաղթի Էրդողանի թիմը կամ եթե ավելի վատթար սցենարով իրադարձություններն ընթանան, այսինքն, հակամարտ երկու ճամբարներն էլ չճանաչեն ընտրությունների արդյունքները եւ Թուրքիան ընկղմվի ներքաղաքական ճգնաժամի մեջ: Այս դեպքում, բնականաբար, Ադրբեջանին անհրաժեշտ կլինի որոշակի կայունություն եւ դա կարող է լինել Խաղաղության պայմանագիրը: Հետեւաբար, կարծում եմ, որ Ադրբեջանը կփորձի որեւէ գործընթացում լինել՝ այնքան ժամանակ, քանի դեռ չի հստակեցվել Թուրքիայում, ընտրությունների արդյունքները: Բայց, միեւնույն ժամանակ, պայմանավորված հենց Թուրքիայում՝ ընտրությունների արդյունքներով, իր համար դրական ելքի պարագայում՝ Էրդողանի եւ նրա թիմի հաղթանակի պարագայում, կփորձի մանեւրել ռուսական ձեւաչափի հնարավորություններով, ամենապարզ պատճառաբանություններով դուրս գալով արեւմտյան ձեւաչափից եւ իր համար ՌԴ-ից դրական վերաբերմունք շահելով»:

Հարցին՝ ռուսական կողմի դիմակայությունը արեւմտյան ձեւաչափում պայմանագրի ստորագրմանը, ինչի՞ կհանգեցնի, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ամեն բան, տվյալ դեպքում, կախված է ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա շահերի համադրման մակարդակից. «Եթե այնպիսի հարցերի շուրջ շահերի համադրում լինի, որոնք, դիցուք, կպահանջեն սահմանափակ ռազմական գործողություններ, դա էլ կարող է իրականություն դառնալ: Բայց, որ ՌԴ-ն հեշտությամբ իր աշխարհաքաղաքական մրցակիցներին չի հանձնելու մեր տարածաշրջանում հիմնական մոդերատորի կամ ազդեցիկ դերակատարի իր դիրքերը, դա միանշանակ է: Եթե մենք լինեինք ավելի կայուն աշխարհում, բնականաբար, կարելի էր ակնկալել որոշակի համագործակցություն եւ անգամ իրար մրցակից ձեւաչափերի փոխլրացում, բայց նման պայմաններում, բնականաբար, ավելի կանխատեսելի է շատ ավելի խորը եւ կտրուկ մրցակցությունը, որի հետեւանքներից կարող է լինել անգամ սահմանափակ ռազմական էսկալացիան»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031