Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նվիրելու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին՝ Հեյդար Ալիեւի 100-ամյակին. Էդգար Ղազարյան

Մայիս 01,2023 19:45

«Արցախը շրջափակման մեջ է, ՀՀ կառավարության շենքը ինչո՞ւ պիտի շրջափակման մեջ չլինի: Եթե դրվում է հսկիչ անցագրային կետ՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, ինչի՞ չպիտի մենք… պարտադիր թուրքե՞րը պիտի մեր երկրում անցակետ դնեն. մեր ժողովուրդը պիտի անցակետ դնի՝ կառավարական ամառանոցներից-կառավարության շենք հատվածում, մեր ժողովուրդը պետք է որոշի՝ թույլատրո՞ւմ է ինքը գնա կառավարության շենք»,-«Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

Նա կարծում է, որ այսօրվանից՝ այն խորհրդանշական օրվանից, երբ 2018-ին սկսվեց Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու գործընթացը, մեր գործողություններին պետք է թափ հաղորդենք, որ մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման խորհրդանշական օրը եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը, նրան իշխանությունից հեռացնենք: Նա առաջարկում է՝ մայիսի 8-ին հավաքվել Հանրապետության հրապարակում եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից:

Էդգար Ղազարյանը կարծում է, որ մեզ համախմբում է պետք եւ համախմբումը ոչ թե առաջնորդող անձի կամ քաղաքական ուժի շուրջ պետք է լինի, այլ գաղափարի: Գաղափարը, տվյալ պարագայում, ըստ նրա, այն է, որ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է եւ ադրբեջանաթուրքական շահերի սպասարկուն: Նա մի բան չի հասկանում, եթե ապրիլի 24-ին, հայ ժողովուրդը՝ մոտ 20 հազար մարդ, դուրս էր եկել ջահերով երթի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, ինչո՞ւ փողոց դուրս չեն գալիս՝ նոր ցեղասպանությունը կանխելու համար: Որ մեկ օր պետք է դուրս գանք ու այս հարցը լուծենք, բանախոսը կասկած չունի ու վստահ է, որ մայիսի 8-ը ամենալավ օրն է՝ կուլմինացիա ապահովելու եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու:

«Ադրբեջանական անցակետը տեղադրել է Նիկոլ Փաշինյանը»,- վստահեցնում է Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ դա արդյունք է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ բրյուսելյան եւ պրահյան բանակցությունների արդյունքում, որոնք վերահաստատվել են Սոչիում՝ ռուսական կողմի մասնակցությամբ: Նա հիշեցնում է նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանն ունի ընդամենը 29.800 քառակուսի կիլոմետր ու ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանն անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է մի կողմ դրել ու բանավոր պայմանավորվածություններով, առանց որեւէ փաստաթղթի, իրագործում է այն, ինչ ցանկանում է: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը, պաշտպանության նախարարը եւ ԱԳ նախարարը՝ մեր երկրի թշնամախմբի հայաստանյան հատված են: Մի էսպիսի խումբ էլ Արցախում կա՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ»,- կարծում է Էդգար Ղազարյանը:

Դիմելով ԳՇ պետին, ով օրերս, ֆրանսիական պատվիրակության անդամների հետ Ջերմուկում էր եւ ցույց էր տալիս, թե հատկապես ո՞ր բլուրում են տեղակայված ՀՀ ԶՈՒ-ը եւ ադրբեջանական ԶՈՒ-ը, Էդգար Ղազարյանն ասում է. «Բա դո՞ւ ինչ ես անում, գլուխդ ե՞ս գովում, որ թե թշնամին որտեղ է նստած՝ մեր քաղաքի վարչական տարածքում: Բա քո գործը դրանց էնտեղից հեռացնելը չի, հայրենիքի պաշտպանությունը չի՞: Գնաս հիմա Ջերմուկում մի հատ բուդկա կառուցես, պետությունը կգա՝ կասի՝ չի կարելի, ապօրինություն է, բայց թշնամին եկել մեր տարածքում 12 մետր լայնությամբ ճանապարհ է կառուցում, ոչ մեկը չկա՝ գնա ասի՝ դու Ջերմուկի քաղաքապետի շինթույլտվությունը ունե՞ս: Զեկուցում է՝ հակառակորդը 7 կմ ներխուժել է մեր տարածք. բա սրա փոխարեն հիմա ԳՇ պետը լիներ Գրիգորի Խաչատուրովը, վարչապետն էլ, ասենք, Էդգար Ղազարյանը, պարզ չէ՞ր, որ հաջորդ օրն ադրբեջանցիներն այդտեղից դուրս էին շպրտվելու»:

Էդգար Ղազարյանը հիշեցնում է 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ վերջինս առաջարկում է Ադրբեջանի նախագահին՝ ցույց տալ քարտեզ, որն ինքը համարում է Հայաստան, հիշեցնում է նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ Ալիեւը նաեւ Երեւանն է համարում ադրբեջանական քաղաք ու հայտարարում է, որ Մեհրիբան Ալիեւայի 58-ամյակին Բերձոր Նվիրած Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հոգեւոր հայր Հեյդար Ալիեւի 100 ամյակին է, որն այս տարի է լրանում, պատրաստվում է նոր տարածքներ նվիրել՝ Սեւանա լճի վերեւի հատվածով՝ Մարտունիով Սելիմի լեռնանցքով, Տիգրանաշենով, իսկ Հայաստանի մնացյալ մասն էլ նվիրելու է Թուրքիային՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ընտրություններից առաջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031