Լրահոս
Օրվա լրահոսը

Կովաչևին ներկայացրի նաև «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում մարդու իրավունքների շարունակ ոտնահարումները. Թագուհի Թովմասյան

Մայիս 01,2023 17:51

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմով հանդիպում ունեցանք Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ:

Քննարկեցինք Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին, Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներին, սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից Արցախում ապօրինաբար տեղադրված անցակետին առնչվող կարևորագույն հարցեր:

Պարոն Կովաչևին ներկայացրի նաև «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում մարդու իրավունքների շարունակ ոտնահարումները, մասնավորապես՝ խտրական վերաբերմունքն ընդդիմադիր հայացքներ ունեցողների և իշխանության համախոհների կամ իշխանական թիմի ներկայացուցիչների միջև:

Նշեցի ԱԺ ՄԻՊՀՀ հանձնաժողովի խայտառակ նիստում տեղի ունեցած անօրինությունները, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն և մնաց անպատիժ:

Խոսելով խոսքի ազատության ոտնահարումների մասին՝ ընդգծեցի, որ այս առումով ևս խտրական քաղաքականություն է իրականացվում: Իշխանության համար «ոչ ցանկալի» անձինք, երբ բռնության կոչ են անում, պատժվում են, իսկ նույնաբովանդակ բռնության կոչեր և սպառնալիքներ հնչեցրած, պատգամավորին անհարիր վարքագիծ դրսևորած իշխանական պաշտոնյաները որևէ պատասխանատվության չեն ենթարկվում:

Ներկայացրի, որ քաղաքական ակցիա իրականացնելիս՝ ինձ և իմ գործընկեր պատգամավորներին անվտանգության աշխատակիցները՝ ԱԺ նախագահի հրահանգով, բռնությամբ դուրս հանեցին Ազգային ժողովի դահլիճից ընդմիջման ժամանակ և թույլ չտվեցին այլևս մտնել ԱԺ դահլիճ: Այս անօրինությունների համար ևս ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցողն արտահայտեց իր մտահոգությունը Հայաստանի և Արցախի անվտանգային իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական վիճակի շուրջ։

Երկուստեք հայտնեցինք մեր պատրաստակամությունը շարունակել մշտական համագործակցությունը Հայաստանի և Արցախի համար կարևորագույն հարցերի շուրջ:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031