«Ըստ պաշտոնական տվյալների՝ մենք ունենք 309 անհետ կորած զինվոր։ Պատերազմից անցել է 2,5 տարի, ամեն օր այս մայրերը թակում են բոլոր հնարավոր դռները։ Արարատ Միրզոյան, դու նույնիսկ հարկ չես համարել ծնողներին ընդունել։ Մի քանի անգամ ժամերով քո ընդունարանում պահելուց հետո մի «ճ» կլասի օգնական դուրս եկել, ասել է՝ հինգ հոգուց ոչ ավելի կարող են ընդունել։ Ինչո՞ւ հինգ հոգի, որ քացիներով Ռադիոտան դռներ էիք ջարդում, էդ ժամանակ հինգ հոգո՞վ էիք մտնում»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վրդովվեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ ծնողներն ընդամենն ուզում են ստանալ պատասխան՝ ինչ եղավ իրենց որդիների հետ։ Անդրադառնալով ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ նա ասաց․ «Հարուցված է քրեական գործ։ Արգիշտի Քյարամյան, պատերազմից 2,5 տարի հետո միայն Աբազյանի միջամտությունից հետո ընդունել ես ծնողներին։ Ծնողները պատմում են՝ ընդունել ես հեգնանքով, արհամարհանքով։ Մայրերն ընդամենն ուզում են հասկանալ, թե ինչ է եղել իրենց երեխաներին։ Աննա Հակոբյանը հանդիպել է ծնողների հետ ու ասել, որ իրենց աշխատանքի շնորհիվ հասել են նրան, որ անհետ կորածների անուններից երկու հարյուր անուն կա։ Քանիցս ծնողները փորձել են հանդիպել Նիկոլ Փաշինյանին, չի ստացվել»։
Նաիրա Զոհրաբյանը նաև սարսափելի իրավիճակ նկարագրեց դիահերձարանների հետ կապված․ «Այս պահին դիահերձարաններում հարյուր դիակ կա և այդ «կանտորան»՝ ԴՆԹ նույնականացման, զանգում, ասում է ծնողներին, թե ձեր երեխայի նույնականացումն արված է, եկեք, դիակը տարեք, և այստեղ այնտեղ ասում են, թե իբր ծնողները չեն գալիս իրենց որդիների դիակները տանեն, որ երեք հարյուր հազար դրամից չզրկվեն։ Դուք գոնե նվազագույն կարեկցանք ու ապրումակցում պիտի ունենա՞ք։ Ծնողներից մեկի հետ եմ խոսել․ նրան ասել են, որ ԴՆԹ-ով նույնականացվել է, գնացել, տեսել է, որ չորս չափս փոքր է այդ դիակի ոտքը իր երեխայի ոտքից։ Ո՞ւմ դիակը ծնողը վերցնի, տանի թաղի։ Ծնողն ուղարկել է Եվրոպա կրկնակի նույնականացման, տարեց, մեծ մարդու մարմին է եղել, հերքվել է։ Նաև հրաժարվում են տալ նույնականացման վերջնական եզրակացություն, որովհետև վաղը կարող է պարզվել, որ սխալ է, ինչպես եղել է մի քանի անգամ»։
Նաիրա Զոհրաբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջեց՝ չփորձես այլևս ժողովրդավարությունից խոսել․ «Քո ժողովրդավարությունը քացու տակ են տալիս քո արևմտյան տերերը։ Դա ժողովրդավարություն չէ, ցեղասպանություն է։ Եվ այսպիսի բռնապետություն ազատ խոսքի հանդեպ։ Ասում է, թե քաղբանտարկյալներ չկան։ Ես հարցնում եմ՝ ո՞ւր է Խաչատուրովը, որտե՞ղ է թաղված Արմեն Գրիգորյանը։ Ուղիղ եթերում սպանեցիք։ Դատավորը հիմա քրեակատարողականում է։ Բայց նրա պրոբլեմը միայն Աբովյանի քրեակատարողականով չի ավարտվելու։ Արմեն Գրիգորյանին ենթարկեցին քաղաքական սպանության։ Արմենը մահացավ իմ աչքի առաջ»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը՝ Նաիրա Զոհրաբյանը նրանց հասցեին էլ քննադատություն հնչեցրեց․ «Էդ ձեր պատճառաբանությունները, թե մանդատը պահենք, որ միջազգային կառույցներում կռիվ տանք, չեն անցնում։ Ընդդիմություն, տիկին Թովմասյան, գործը պիտի լինի դրսում։ Բոլորը միասին պիտի վայր դնեն մանդատները, երկրում պիտի ստեղծվի սահմանադրական ճգնաժամ։ Կվերականգնեք գոնե այն հավատը, որով ժողովուրդը ձեզ 2018-ին տվել է մանդատ։ Բայց իրենք վախենում եք Նիկոլից, Նիկոլին դեմ առ դեմ հարցեր ուղղելուց։ Եթե դուք՝ բոլորդ «Ալեն ջան»-եր ու «Վլադիմիր ջան»-եր չեք, ուրեմն ռադ արեք հենց հիմա էդ ասողներին։ Ղալումյանի կաբինետում սուրճ խմող ընդդիմադիր պատգամավորների մանդատները ձեռքներից վերցրեք՝ որպես առաջին քայլ, որպես երկրորդ քայլ՝ բոլորդ դրեք ձեր մանդատները, դուք միջազգային կառույցներում անելիք չունեք, քանի որ միջազգային հանրությունն ամենաբարձր դեմքերով հայտարարեց, որ որևէ սանկցիա Ադրբեջանի հանդեպ չի կիրառվելու։ Էդ որ Ստրասբուրգում մի հերոսական տեքստ եք կարդում, չի անցնելու։ Ժողովրդին պետք է մահապարտ ընդդիմություն, այլ ոչ թե «Ալեն ջան», «Վլադիմիր ջան» ասող, Վահե Ղալումյանի և Խաչատուր Սուքիասյանի աշխատասենյակում սուրճ խմող ընդդիմություն։ Երբ ժողովուրդը հավատաց, Նիկոլի իշխանությունն օրերի ընթացքում փլվելու է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ