Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ նրանից՝ ով կհաղթի, թող երբեք մեր պատմությունը չաղճատվի». Հայոց պատմության դասագրքի համահեղինակ

Մայիս 01,2023 16:12

Պատմաբան, Կրթություն և համերաշխություն արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է պատմության դասագրքերի աղմկոտ թեմային եւ որոշ մեկնաբանություններ ներկայացրել: Քննարկման թեմա էր դարձել հատկապես Հայոց պատմության նորագույն շրջանի արտացոլումը դպրոցական դասագրքերում։

Էդիկ Գեւորգյան

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Էդիկ Գեւորգյանից, որը 2019թ հրատարակված 9-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի համահեղինակն է:

«Գաղտնիք չէ, որ Հայոց պատմության դասագրքերի ստեղծման, դրանց հետագա ընթացքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում, որովհետեւ Խորհրդային շրջանում Հայոց պատմությունը դպրոցներում եւ բուհերում մի կողմ էր դրված, դպրոցներում կարծես թե ֆակուլտատիվ առարկայի էր վերածվել, նաեւ այդ դասագրքերը կրում էին գաղափարախոսական կնիք: Անկախության հռչակումից հետո առաջնահերթ խնդիրներից մեկը դարձավ հայոց պատմության նոր դասագրքերի ստեղծումը: Եվ 1990-ականների սկզբից առայսօր շատ լուրջ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ:

Ավելորդ չեմ համարում նշել, որ դպրոցական դասագրքերը միշտ չէ, որ համապատասխանել են մեր սովորողների տարիքային եւ հոգեբանական առանձնահատկություններին: Մանավանդ գիտենք, որ մեր բազմադարյա պատմության մեջ բազմաթիվ ծալքեր ու խնդիրներ կան: Տարբեր հեղինակային խմբեր աշխատել են գլխավորն ու երկրորդականն իրարից առանձնացնել, թե որքանով է դա հաջողվել, դրա գնահատականը եւ ժամանակին, եւ հիմա եւ հետո տալու են առաջին հերթին սովորողները եւ ընդհանրապես հետաքրքրված, շահագրգիռ անձինք»,-ասաց պրոֆեսորը:

Թե 2018-19 թվականներից հետո Հայոց պատմության դասագրքերի հետ կապված ինչ խնդիրներ կան, այս մասին էլ մեր զրուցակիցը հետեւյալը նշեց. «2019թ ԿԳՄՍ նախարարությունն անդրադարձավ Հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքերին, ստեղծվեց աշխատանքային խումբ, որի անդամները ներկայացրին որոշակի առաջարկություններ, այդ առաջարկությունների ներկայացմանը ՝ որպես «Զանգակ» հրատարակչության կողմից հրատարակված 9-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի համահեղինակ, մասնակցել եմ ես եւ երկու գործընկերներս՝ Կարեն Խաչատրյանն ու Ամատունի Վիրաբյանը: Քննարկվել է նաեւ «Մանմար» հրատարակչության հրատարակած դասագիրքը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են առաջարկություններ՝ աշխատանքային խմբի կողմից: Այդ առաջարկությունների վերաբերյալ տարբեր թվաքանակներ են նշում, ոմանց էլ թվում է, թե «Զանգակ» հրատարակչության դասագրքում 220 լուրջ սխալներ են եղել: Սակայն, դա այդպես չէ, խոսքը վերաբերել է տեխնիկական, որոշ դեպքերում՝ մեկ-երկու ուղղագրական սխալների, ինչը հեղինակների խնդիրը չէ: Որոշ առաջարկություններ վերաբերել են լուսանկարներին, մեթոդական մասերին: Ընդ որում, այդ դասագրքերի վրա, բացի բուն մասնագետ պատմաբաններից՝ աշխատում են նաեւ մեթոդիստներ, հրատարակիչներ: Այնպես որ, պետք չէ ամեն ինչում միայն հեղինակներին վկայակոչել: Բավականաչափ կարճ ժամանակամիջոցում այդ խնդիրները կարգավորվել են: Աշխատանքը վերաշարադրվել է, կամ ինչպես իրենք են ասում՝ վերախմբագրվել է:

Ես հետո եմ իմացել, որ աշխատանքային խումբը նաեւ «Զանգակ» հրատարակչության կողմից հրատարակված աշխատանքի վերաբերյալ արտահայտվել է, որ դասագիրքը մեթոդական եւ այլ առումներով ավելի է համապատասխանում չափանիշներին, բայց ինձ համար կարեւորն այն է, թե այդ դասագիրքը որքանով է օգտակար դպրոցին եւ որքանով է նպաստում մեր պատմության արդարացի ընկալմանը»:

Էդիկ Գեւորգյանը հայտնեց, որ Հայոց պատմության դպրոցական դասագրքերի մրցույթ է հայտարարված, գիտի, որ 4-5 հեղինակային խմբեր են աշխատում, բայց տեղյակ չէ, թե ովքեր են: Նա ցանկություն հայտնեց, որ ընտրվի լավագույն դասագիրքը. «Թող հաղթեն այն աշխատանքները, որոնք իսկապես արժանի են: Եվ անկախ նրանից՝ ով կհաղթի, թող երբեք մեր պատմությունը չաղճատվի, եւ նորից չվերադառնանք խորհրդային շրջանի մեկնակետին: Պետք է հաշվի առնել դպրոցը, սովորողի տարիքային, հոգեբանական առանձնահատկությունները եւ մեր պետականության նկատմամբ կարողանանք սեր արթնացնել երիտասարդության շրջանում, որովհետեւ դա են պահանջում մեր ազգային ինքնագիտակցությունը եւ ազգային շահը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031