Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց երիտասարդ մոդելավորող-արվեստագետ Հասմիկ Մկրտչյանի «Հայկական տարազի մոտիվները» խորագրով ցուցահանդեսը։ Նա որպես ցուցանմուշներ օգտագործել էր ձեռքով պատրաստված տիկնիկների։
Արվեստագետն իր ելույթում նշեց, որ միտքը հղացել է դեռ ուսանողական տարիներից։ Սկզբում իր ծրագիրը կոչել է «Ճանաչել ազգայինը», այնուհետ վերանվանել «Հայկական տարազի մոտիվները»։
«Հայկական տարազի տարբեր տեսակներ եմ ներկայացրել, որոնք գրքային և պատմական ցուցանմուշներ են, ոչ մեկը մոդելավորված չէ, իրենց մեջ կրում են պատմություն, հիշողություններ, գույներն ու նախշերը զետեղված են այս ստեղծագործությունների մեջ»,-ասաց հեղինակը։
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում էլ Հասմիկ Մկրտչյանն ասաց, որ շատ է օգտվել Ազգային պատկերասրահից․ երբեմն նաև սոցցանցերից, իրեն օգնել է նաև ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը, որը բավական շատ տեղեկություններ է տրամադրել։
«Ինչքան ճանաչում ես, այնքան սիրում ես քո ազգային մշակույթը, սա էլ մշակույթի փոխանցման մի տարբերակ է»,-ասաց Հասմիկ Մկրտչյանը։
Ցուցահանդեսին ներկայացված են 80-ից ավելի տարազներ՝ 10-12 տեղանքների, առանձնացված են աշխատավորների, գյուղական, քաղաքային տարազները։
Նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում ողջունելով երիտասարդ ստեղծագործողին՝ տարազով զբաղվելու ու նման գեղեցիկ ցուցադրություն կազմակերպելու համար, ասաց՝ տարազը գիտություն է, ժամանակաշրջան է, մշակույթի շատ խորը պատմություն է իր մեջ կրում, որովհետև յուրաքանչյուր ազգի բնորոշումը տարազն է և խոհանոցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ