Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցակետում թուրքի նստելն անթույլատրելի է, թող ռուսը նստի, թուրքը դուրս գա, ուրիշ տարբերակ չկա»․ հանրային քննարկում Արցախում

Մայիս 01,2023 15:40

Արցախում այսօր հասարակական քննարկում էին կազմակերպել՝ անդրադառնալով անվտանգության հարցերին։

Արցախի «Հեղափոխական» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հնչեցրել է Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության հարցը։ «Եթե միջանցքը փակ է, դա նշանակում է՝ ռուսը մեզ հանձնում է Ադրբեջանին։ Ընտանիքս բերել եմ այստեղ, որովհետեւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը խոսք է տվել, որ Լեռնային Ղարաբաղում կապրեն հայերը եւ կապրեն արժանապատիվ։ Մեզ ոչ ՄԱԿ-ն է երաշխիք տվել, որ ԵԱՀԿ-ն, ոչ էլ Փաշինյանը, ռուսն է խոսք տվել, մեր գործը ռուսի հետ է։ Գոնե պարզենք՝ կարողանո՞ւմ է, թե՞ չի կարողանում։ Եթե չի ուզում՝ ավելի վատ։ Եթե հիմա մենք ռուսին спасибо ենք ասում, ուրեմն թուրքը մեզ դնելու է յաթաղանի տակ»,- ասել է Օսիպյանը։

Նա միաժամանակ նշել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հրաժարվելը նշանակում է արցախցիների ցեղասպանություն։

Տիգրան Պետրոսյան

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն էլ ասել է, որ խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովն իրեն անձամբ ասել է․ «Ոչ մի անցակետ էլ չի լինելու, կոմպրոմիսն այն է, որ այնտեղ պետք է նստեն ռուսները։ Ես ասացի, որ ադրբեջանցիներին մենք այնտեղ վիզուալ ընդհանրապես չպետք է տեսնենք, նա ասաց՝ մենք դրա հետ համաձայն ենք, մենք հիմա բանակցություններ ենք վարում այդ հարցով։ Բայց ստացվեց, որ արդեն քանի օր է՝ բանակցություն է գնում։ Մեզ այսօր վերջնական պատասխան պետք է տար, բայց չի տվել։ Ռուսաստանի նման գերտերության խոսքերին հավատացել ենք և մեր ընտանիքներին բերել ենք այստեղ։ Արցախում պետական մակարդակով մեծ հանրահավաք պետք է լինի, պետական մակարդակով դիմենք ՄԱԿ-ին և ասենք, որ առանց միջազգային երաշխիքների՝ ոչ մի բանակցություն չպետք է լինի։ Պահանջներ ենք ձևավորում, ներկայացնենք իշխանությանը՝ այսօրվա Անվտանգության խորհրդի նիստին ներկայացնելու։ Անցակետում թուրքի նստելն անթույլատրելի է, թող ռուսը նստի այնտեղ, թուրքը դուրս գա, ուրիշ տարբերակ չկա»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։

Քննարկման մասնակիցները նաև նշել են, որ համախմբվելու ու համաժողովրդական պայքար ձևավորելու անհրաժեշտություն կա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031